Նոր Աղմկահարույց բացահայտումներ. Մահացած 19-ամյա ծննդկանի բժիշկը նախկինում Ի՞նչ բժշկական սխալի պատճառով է հեռացվել «Արմենիա» ԲԿ-ից.

Ավելի քան տասը օր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան, Արարատ քաղաքի բնակչուհի Լիլիթ Խոսրովյանի հարազատների պնդմամբ՝ աղջկա մահվան պատճառը նրա բժշկի՝ Դավիթ Աբովյանի անփութությունն ու անտարբերությունն է: «Բժիշկն ինչ-որ լուրջ սխալ է թույլ տվել, հետո զգացել է, որ չի կարող փրկել Լիլիթին, դեմն էլ շաբաթ, կիրակի է եղել, մորն ու երեխային հապշտապ, առանց ծննդյան վկայականի դուրս են գրել: Ես չգիտեմ՝ ո՞նց են դուրս գրել առանց ծննդյան վկայականի»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց մահացած ծննդկանի հորաքույր Աշխեն Սաֆարյանը: Տիկին Աշխենի պատմելով՝ Լիլիթ Խոսրովյանը մինչ հղիությունը 3-4 ամիս շարունակ բուժվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանի մոտ: Բուժում ստանալուց հետո Լիլիթը հղիացել է:

«Հղիության ինը ամսիների ընթացքում Լիլիթը կոնսուլտացիան անցել է այդ նույն բժշկի մոտ՝ ամեն ամսվա 15-ին, և այդ մասին մեզ հայտնել է իր ամուսինը: 5-6 անգամ անցել է «դոպլեր» հետազոտություն, ամեն ինչ նորմալ է եղել, միայն իրեն ասել են՝ երեխայի գլուխը ստամոքսի մոտ է, ինքը տոտիկային է և միանշանակ պետք է կեսարյան հատումով ունենաք»,- մանրամասնեց մահացած կնոջ հորաքույրը: Լիլիթ Խոսրովյանը վերջին հետազոտությունն անցել է հունվարի 19-ին: Այդ օրը, հարազատների պնդմամբ, բժիշկը հավաստել է, որ 19-ամյա հղիի մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում, սակայն նշել է՝ քանի որ պտղի դիրքը չի փոխվել, կեսարյան հատում անելու անհրաժեշտությունն ուժի մեջ է մնում: Բժիշկը կեսարյան հատում անելու օր է նշանակել՝ հունվարի 29-ը. « Սակայն հունվարի 24-ին Լիլիթը ծննդաբերական ցավեր է ունենում, զանգում են բժշկին, ասում է ՝ ես տեղում չեմ, բերեք հերթապահ բժշկին կասեմ, մինչև կհասնեմ: Ինքը գալիս է և, ինչ-ինչ պատճառներով, որոնք այդպես էլ մեզ հայտնի չեն, կեսարյան հատում չի անում»:

Տիկին Աշխենի պնդմամբ՝ բարդ ծննդաբերությունից հետո Լիլիթն անընդհատ ցավեր է ունեցել և այդ մասին պատմել է ծննդաբերության հաջորդ օրերին իրեն այցելած մորն ու սկեսրոջը, ունեցել է նաև ջերմություն: Սակայն ինչպես մեր զրուցակիցն է նշում, բժիշկն անընդհատ վստահեցրել է, որ մտահոգվելու առիթ չկա: «Ասում էր՝ ոչինչ, այտուցված ես, դրանից է, «անալգին, դիմեդրոլ» կներկարկենք, ամեն բան նորմալ կլինի»,- շարունակեց տիկին Աշխենը: Ըստ նրա՝ հունվարի 27-ի առավոտյան բժիշկը Լիլիթին անսպասելի հայտնում է, որ նրան հիվանդանոցից դուրս են գրում, կեսօրին հարազատները գալիս են, որպեսզի մորն ու երեխային տուն տանեն. «Երբ իջեցնում են նրան, վերելակի մեջ ամուսինը նկատում է, որ Լիլիթը լավ չի, ծաղիկներ են տվել, չի կարողացել վերցնի, ասել է՝ լավ չեմ զգում: Ամուսինը հենց վերելակի մոտից զանգել է նույն բժշկին, ասել է, որ Լիլիթը լավ չի, քրտնում է, բժիշկն ասել է՝ ոչինչ հետծննդյան շրջան է, տարեք տուն, արյան տոկոսը ցածր է, սնիկերս առեք՝ թող ուտի: Նաև խորհուրդ է տվել «անալգին, դիմեդրոլ» ներարկել»:  Նույն օրը երեկոյան ծննդկանի վիճակն ավելի է բարդանում, զանգում են բժիշկ Դավիթ Աբովյանին, սակայն վերջինս, ըստ տիկին Աշխենի, հորդորում է շտապօգնություն կանչել, ոչ թե նրան հետ տանել հիվանդանոց:

Հարազատներն, այնուամենայնիվ, տեսնելով, որ Լիլիթի վիճակը ծայրահեղ ծանր է, նրան տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Լիլիթին վիրահատում են, հեռացնում արգանդը, սակայն երիտասարդ կնոջ կյանքը փրկել չի հաջողվում:  Լիլիթ Խոսրովյանի ծնողներն ու հարազատները համոզված են՝ ամեն ինչ արվում է, որպեսզի տեղի ունեցածը կոծկվի. «Հենց դա է պատճառը, որ հիվանդանոցը նախարարությանն է փոխանցել փաստաթղթեր, որոնցում Դավիթ Աբովյանը ներկայացված չէ որպես բժիշկ: Տվել են այնպիսի թղթեր, որոնցում երևում է՝ Դավիթ Աբովյանի մոտ ինքն [Լիլիթը] ընդամենը անցել է «դոպլեր» հետազոտություն»:  Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից: Նախարարն այդպես էլ չհստակեցրեց՝ Դավիթ Աբովյա՞նն է եղել Լիլիթ Խոսրովյանի բժիշկը, թե՞ ոչ: Փոխարենը նախարարը հավաստիացրեց՝ կկատարվի օբյեկտիվ քննություն և որևէ բան չի կոծկվի:  Այն, որ Լիլիթ Խոսրովյանը հղիության ողջ ընթացքում հետազոտության է անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ բժիշկ Դավիթ Աբովյանի մոտ, հաստատեց նաև Լիլիթի ամուսինը՝ Սահակ Եղիազարյանը: Վերջինս էլ համոզված է՝ կինը մահացել է բժշկի անփութության հետևանքով:

«Փաստացի ես վստահել եմ բժշկին և արդյունքում ունեցել եմ այն, ինչ ունեմ: Հիվանդանոց եմ տարել առողջ կին և երեք օր հետո այնտեղից տարել եմ մահացած կին, դա նշանակում է՝ անփութության և անուշադրության հետևանք է եղել»,- ասաց Սահակն՝ ընդգծելով, որ մինչ այժմ էլ պարզ չէ, թե որն է իր կնոջ մահվան պատճառը. «Ասում են՝ մահվանից պետք է 40 օր անցնի, որպեսզի պատասխանը լինի»: Սահակ Եղիազարյանը վրդովված շեշտեց՝ պետք է բժիշկը պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցածի համար: «Տեղի ունեցածը միանշանակ փորձում են կոծկել: Եթե մահ կա, և բոլորը բժշկին են մատնացույց անում, ապա չպետք է սպասեն դաշաբժշկին, պետք է բժշկին ձերբակալեն, մինչև պարզվի, թե ինչ է եղել: Սակայն բժիշկն ազատության մեջ է և գնում է գործի, էդ ոնց է լինում, չէ՞ որ մարդ է մահացել»,- ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ դեպքի առնչությամբ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, իսկ երկրորդ մասով նախատեսվում է. «Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»: Դավիթ Աբովյանի փաստաբան Արա Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր վստահորդը քրեական գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա: Փաստաբանն այլ մանրամասներ մեզ չհայտնեց՝ հիշատակելով նախաքննության գաղտնիքը: Մեզ հաջողվեց զրուցել նաև բժիշկ

Դավիթ Աբովյանի հետ, որը նախ իր ցավակցությունը հայտնեց ընտանիքին, ապա նշեց, որ իր համար հասկանալի են մահացած ծննդկանի հարազատների մեղադրանքները. «Իրենք երեխա են կորցրել և ինչ-որ մեկին պետք է մեղադրեն»: Ինչ վերաբերում է Լիլիթ Խոսրովյանի մահվան պատճառի մասին մեր հարցին, Աբովյանը պատասխանեց. «Դա աննախադեպ դեպք էր, երկրորդ կամ երրորդ օրը ոչ ոք չի մահանում, ինչքան էլ վատ բան եղած լինի, չեն մահանում»:  Բժշկի խոսքով՝ մահվան հանգամանքների մասին խոսելը դեռ վաղ է, պետք է սպասել մինչև պարզ դառնան հետազոտության պատասխանները: Այլ հարցերի Դավիթ Աբովյանը չցանկացավ պատասխանել՝ հորդորելով դրանք ուղղել իր փաստաբանին: Ուշագրավ է, որ «էրեբունի» բժշկական կենտրոնում այժմ աշխատող մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը մոտ 8 տարի առաջ հեռացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնից: Պատճառը եղել է այն, որ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանը կատարել է բժշկական սխալ, ինչի հետևանքով նորածինը մահացել է: Այն ժամանակվա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ստեղծել էր հարցը քննող հատուկ հանձնաժողով, որն իր եզրակացության մեջ արձանագրել էր կատարված բժշկական սխալի մասին:  

Դավիթ Աբովյանը նկատողություն էր ստացել և երեք ամսով գործուղվել Ալավերդու հիվանդանոց: Այն ժամանակ ևս նորածնի մահվան փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել քրեական օրենսգքրի 130 հոդվածի 2-րդ մասով:  «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանից փորձեցինք պարզել՝ երբվանի՞ց և ի՞նչ հանգամանքներում է բժիշկ Դավիթ Աբովյանն «Էրեբունիում» անցել աշխատանքի՝ հաշվի առնելով այն, որ «Արմենիա» ԲԿ-ից առաջ Դավիթ Աբովյանը հեռացված է եղել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Բացի այդ, խնդրեցինք հստակեցնել՝ բժիշկ Դավիթ Աբովյանը շարունակո՞ւմ է աշխատել, թե՞ նրա աշխատանքային գործունեությունը դադարեցվել է մինչև դեպքի հանգամանքները պարզվեն: Շուշան Հունանյանը, սակայն, որևէ հարցի չպատասխանեց, փոխարենը առաջարկեց գրավոր հարցում ուղարկել:

Շողիկ Գալստյան 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ factor.am