Ուկրաինայի անվտանգության ուժերը հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթային պահեստին: Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 6:55-ին: Պայթյունը պարզ լսելի է եղել քաղաքի կենտրոնում։ Ականատեսների վկայությամբ՝ դրանից անմիջապես հետո նավթի պահեստում հրդեհ է բռնկվել։
«Հրդեհը տեսանելի է մեծ հեռավորությունից: Արտակարգ իրավիճակների նախարարությունը փորձում է մարել կրակը»,-ասել է լրատվականի զրուցակիցը:
Նշվում է, որ հարվածել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։