Այսօր՝ փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղու 1 հասցեում գործող «Գարուն» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում՝ ավտոմեքենայի մեջ դիեր կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մարտիրոսյանի, քրեական հետախուզության
բաժանմունքի պետ Հակոբ Աղաբեկյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Խորեն Նազարյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում հայտնաբերել են Volkswagen Vento մակնիշի 87 DM 087 համարանիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղին հայտնաբերել են Գյումրի քաղաքի Շերբինայի փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Մ.-ի և Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի բնակիչ, 28-ամյա Քրիստինե Շ.-ի դիերը:
Տեղում դատաբժիշկը զննելով դիերը՝ նախնական եզրակացությամբ ոստիկաններին և քննչական բաժնին հայտնել է, որ դիակների վրա բռնության հետքեր չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք, հնարավոր է, մահացել են շմոլ գազից: Փաստի առթիվ քննիչ Խ, Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com