Lragir.am-ը գրում է. Խարկովի կենտրոնը ռուսական ռմբակոծությունից հետո
ԱՄՆ իշխանությունները նախազգուշացնում են, որ Ռուսաստանը նորանոր ստորաբաժանումներ է ուղարկելու Ուկրաինա։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները փակ ճեպազրույցների ժամանակ զգուշացրել են օրենսդիրներին, որ ռուսական զորքերի երկրորդ ալիքը, հավանաբար, կամրապնդի Պուտինի դիրքերը Ուկրաինայում: Նրանց թվաքանակի շնորհիվ ռուսները կարող են կոտրել ուկրաինական դիմադրությունը։
Ռուսական համացանցում նույնպես քննարկվում է այն հարցը, որ տապալելով բլից-կրիգը եւ մեծ կորուստներ կրելով, Պուտինը կարող է անցնել լայնածավալ գրոհի, արդեն թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառուցվածքները։ Այսօր ռուսական զորքը հրթիռակոծել է Խարկով քաղաքը, որի բնակչության մեծամասնությունն, ի դեպ, ռուսախոս են, կա հրեա հոծ համայնք, եւ հիմա բոլորը հարց են տալիս՝ ինչու է Պուտինը հրթիռակոծել «ռուսական» Խարկովը, եթե Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառ են նշում ապանացիստականացումն ու ժողովրդի փրկությունը։
Խոսակցություն կա, որ Ռուսաստանում կարող է հայտարարվել համընդհանուր մոբիլիզացիա։
Միջուկային սպառնալիքով Պուտինն արդեն անցել է անդառնալիության կետը, նշում են փորձագետները։ Ուկրաինայում բլից-կրիգի տապալումն ու աննախադեպ պատժամիջոցները, որոնց հետեւանքները ՌԴ համար կործանարար են լինելու ոչ հեռու ապագայում, Պուտինին ստիպում են արագացնել Ուկրաինայի օկուպացիան, կանգ չառնելով ոչնչի առջեւ, երկուստեք ահռելի զոհերի ու ավերածությունների գնով։ Լավրովի եւ Շոյգուի այսօրվա հայտարարությունները հաստատում են այս պնդումները։
Ռուսական վերնախավը երկիրը հետեւողական տանում է իզգոյացման ու ինքնակործանման, անկախ Ուկրաինայի դեմ պատերազմի ելքից։