Lragir.am-ը գրում է. Արեւմտյան մամուլը հայտնում է, որ Կրեմլը նախապես Կիեւում ներդրած վարձկաններին հրահանգել է սպանել Զելենսկիին եւ կառավարության անդամներին, իշխանության բերել իր խամաճիկներին եւ ստորագրել Ուկրաինայի կապիտուլյացիայի ակտը։ Երեկ Պուտինը աշխարհին սպառնաց միջուկային ռումբով, վերջին երկու օրերին Պուտինն ակտիվացրել է նաեւ իր մյուս «միջուկային ռումբը»՝ Չեչնիայի ղեկավարին։ Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ Կիեւում տնային կալանքից փախել է Պուտինի մերձավորը՝ Մեդվեդչուկը, որը Պուտինի ծրագրերի ոգեշնչողն ու խորհրդատուն է եւ ենթադրվում է, որ նրան են նշանակելու Ուկրաինայի օկուպացիոն ռեժիմի ղեկավար։
Ռուս փորձագետները նշում են, որ Ուկրաինայում բլից-կրիգի Մոսկվայի պլանները ձախողվել են, ռուսական զորքի առաջխաղացումը դանդաղել է ուկրաինացիների՝ Կրեմլի համար անսպասելի դիմադրության պատճառով։ Իր հերթին, նշվում է, որ դա անակնկալ է եղել նաեւ Արեւմուտքի համար, որի հետախուզությունները, հայտնելով հանդերձ ռուսական պլանների ու ժամկետների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, վստահ էին, որ Կիեւը կդիմանա 3 օր։
Արեւմտյան կոշտ պատժամիջոցների ներկայիս ալիքը եւ Ուկրաինային սպառազինության մատակարարումների վերաբերյալ որոշումները վկայում են այս ենթադրության ճշմարտացիությունը։
Այսինքն, Ուկրաինայի շուրջ իրավիճակ է փոխվել։ Դա չի նշանակում, որ Պուտինը հետ է կանգնել իր ծրագրերից, սակայն դրանք ավելի ու ավելի բարդանում են Ռուսաստանի ներքին իրավիճակի կտրուկ վատթարացմանը զուգահեռ։ ՌԴ ՊՆ-ն երեկ առաջին անգամ հայտնեց ռուսական բանակի կորուստների մասին՝ թվեր չհրապարակելով, ուկրաինական կողմն այսօր հաղորդագրություն է տարածել ռուսական բանակի 5000 զոհերի մասին։ Իր հերթին, ռուսական էլիտաների ու պետական պրոպագանդոնների պահվածքից զգացվում է որոշակի շփոթվածություն։
Իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ, եթե ուկրաինական բանակն ու զինված կազմավորումներն անցնեն լիարժեք ռազմական գործողությունների եւ հակահարձակման, նշում են փորձագետները (շատերը նշում են նույնիսկ, որ ուկրաինական բանակին «զսպում են»՝ պատերազմի ծավալները չմեծացնելու համար)։ Այդ պարագային, կցրվի ռուսական բանակի վերաբերյալ միֆը, նշում են փորձագետները, ինչն անկասկած ծանր հարված կլինի ՌԴ համար արդեն ոչ միայն ու ոչ պարզապես ուկրաինական ճակատում։
Կդիմանա՞ Զելենսկին եւս մի քանի օր, այդ թվում՝ ռուսական կողմի հետ նախատեսվող բանակցություններում։ Փորձագետները նշում են երկու հնարավոր սցենար՝ Զելենսկին պահում է իշխանությունը եւ չի համաձայնում ռուսական վերջնագրին, ինչն անկասկած թեժացնելու է ռազմական գործողությունները՝ երկուստեք ծանր կորուստներով, եւ երկրորդ՝ Կրեմլին հաջողվում է նստեցնել իր խամաճիկին եւ ստորագրել իրեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ ստանալով պարտիզանական շարժում՝ կրկին մեծ կորուստներով եւ անկանխատեսելի հետեւանքներով նաեւ ՌԴ ներսում։