Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Բազմաթիվ քաղաքներ ենթարկվել են հարձակման, ցամաքային ուժերը Ուկրաինա են մտնում Ռուսաստանի և Բելառուսի տարբեր դիրքերից: Մայրաքաղաքում նույնպես հարվածներ են հասցվում։
Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ ամբողջ Դոնեցկի և Լուգանսկի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում:
«Տարբեր տեղերից, տարբեր քաղաքներից տեղեկատվություններ են գալիս, անգամ չենք հասցնում հետևել: Առաջին հերթին շարքից հանել են ուկրաինացիների ռազմական նշանակության օբյեկտները՝ պահեստներ, օդանավակայաններ, այնտեղ, որտեղ ռազմական տեղակայումներ կան: Արդեն տեղեկություն հաղորդվեց, որ Լուգանսկի մարզի Լիսիչանսկ քաղաքում են արդեն մարտեր ընթանում: Ժողովուրդը տարհանվում է այնտեղից, մի մասը նկուղներում է նստած: Կրամատորսկ, Կոնստանտինովկա, Մարիուպոլ, բոլոր քաղաքներում նույն իրավիճակն է: Մենք հիմա հազիվ հասցնում ենք հետևել և իրար հետ կապ պահել: Հայերի շրջանում այս պահի դրությամբ զոհեր ու վիրավորներ չկան»,-ասաց Մակարյանը:
Այս պահի դրությամբ Ուկրաինայի տարբեր մարզերից հայերի կազմակերպված տարհանում չկա, բայց մարդիկ կան, որոնք կամավոր իրենք դուրս են գալիս:
«Հենց հիմա այդ հարցերով ենք զբաղվում: Գլխավոր խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի՝ որ կողմի վրա տարհանվի, որովհետև ամբողջ Ուկրաինայի տարածքում են գնում գործողություններ: Բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Կիևում հարվածներ են հասցվում, որտեղ կան ռազմական նշանակության կառույցներ, օդանավակայաններ»,-ասաց նա:
Հարցին՝ հայերից կա՞ն ռազմական գործողություններին մասնակիցներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչը նշեց, որ չգիտի՝ զինվորականության մեջ այս պահին կան, թե ոչ, բայց երկու կողմից էլ միշտ եղել են հայեր, որոնք մասնակցել են:
Հիշեցնենք, որ Դոնեցկի մարզում այս պահին 50․000 հայ է ապրում, իսկ մինչև 2014թվականը՝ 100․000 հայ էր ապրում։