Պուտինը սկսել է Ուկրաինայի դեմ պատերազմը, առաջին փուլում հրթիռային հարվածներ հասցնելով ռազմական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։ Համացանցում տեսանյութեր են հայտնվել Ռուսաստանի այդ գորողությունների վերաբերյալ։ Սկսել է նաեւ ցամաքային գործողությունը, Դոնբասի ուժերի անվան տակ, որի նպատակն առաջին հերթին Ուկրաինան Ազավի ծովից կտրելն է։
Պուտինի ելույթը ՌԴ ԱԽ-ում, այնուհետեւ ուղերձը ռուսաստանցիներին վկայում էին ռազմական գործողությունների անցնելու մասին։ Պետական պրոպագանդան դեկտեմբերից ի վեր ռուսական հանրությանն ինտենսիվ մատուցում էր Ռուսաստանին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի սպառնալիքների, Դոնբասում «ցեղասպանության», ԽՍՀՄ փլուզման համար աշխարհքաղաքական ռեւանշի, աշխարհն ազդեցության գոտիների բաժանելու պուտինյան ձգտումները։ Եվ ահա, դրանց իրականացումը սկսել է։
Փորձագետները նշում են, որ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների հաջողության պարագային Ռուսաստանն անցնելու է հաջորդ փուլին՝ Մոլդովայի, Մերձբալթյան երկրների, Վրաստանի դեմ հատուկ գործողություններով։ Բելոռուսն արդեն ինկորպորացված է, Հայաստանի խնդիրն արդեն լուծված է համարվում, իսկ Բաքվի հետ Պուտինը կնքել է ռազմավարական գործակցության պայմանագիր, որը, ինչպես Պուտինն է ասել՝ «հնարավոր է դարձել ղարաբաղյան խնդրի լուծմանը հասնելուց հետո»։ Նշվում է նաեւ, որ Ուկրաինայում փորձ է արվելու կազմավորել դրածո իշխանություն՝ Ռուսաստանին անհրաժեշտ փաստաթղթեր ստորագրելու համար։
Պուտինն ԱՄՆ-ին ու Արեւմուտքին առաջարկում էր Յալթայի օրինակով «կիսել» աշխարհը, մերժումից հետո ձեռնամուխ է եղել դրա իրականացմանը։ Պատերազմը սկսելուց առաջ եւ անմիջապես հետո Պուտինը զրուցել է Էրդողանի հետ։ Թուրքիայի նախագահը Պուտինին առաջարկում է շարունակել «եռակողմ ձեւաչափերի» պրակտիկան Ուկրաինայում եւ հնարավոր է մյուս երկրներում էլ։ Ընդհանրապես, Թուքիայի «ոգեւորությունը» ռուս-ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ նկատելի է՝ այն նախադեպ ու ճանապարհ է բացում Էրդողանի հավակնությունների ու նպատակների համար։ Պուտինին ու Էրդողանին միավորում է «կայսերական տրավման ու պատմական անարդարությունը»։
Այս կապակցությամբ, պետք չէ բացառել Բաքվի ու Անկարայի ագրեսիան Հայաստանի դեմ՝ Սյունիքի մարզի ու Երեւանի ուղղությամբ՝ «եռակողմ պայմանավորվածությունների կատարումն արագացնելու» համար։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am