Շիրակի եւ Լոռու մարզերում քանի՞ բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Երեկ ուշ երեկոյան գրանցված երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը:

«Երկարաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 6-7 բալ, Լոռու մարզում՝ 5-6, մինչև 7 բալ և մի շարք այլ մարզերում՝ Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում և Երևանում՝ 3-5 բալ ուժգնությամբ։ Արդեն մեր մասնագիտական խմբերը գտնվում են մարզերում, իրականացնում են մակրոսեյսմիկ հետազոտություններ, որի նպատակն է երկրաշարժի հնարավոր ազդեցությունների ուսումնասիրությունը։ Ըստ մամուլում տարածված նկարների՝ Ալավերդի քաղաքում քարաթափում կա, բայց մակրոսեյսմիկ հետոզոտության նպատակներից մեկը նաև դա պարզելն է, որովհետև փլուզումները կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով։

Ենթադրենք՝ հիմա որևէ կառույցում, եթե մի քանի քար է թափվել, դա դեռ չի նշանակում, որ փլուզում էր»,- ասաց նա։

Սոս Մարգարյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչո՞վ է պայամանավորված, որ մեկ տարի առաջ էլ էր եղել երկրաշարժ։ Նա նշեց, որ մասնագետները դա ոչնչով չեն պայմանավորում։ Երկրաշարժից հետո մինչ այս ժամերը արդեն գրանցվել է 165 հետցնցում, որոնցից ամենաուժեղը 3 մագնիտուտ հզորությամբ։

«Այս 5,2 մագինտուտ երկրաշարժն ինքը համարվում է չափավոր ուժեղ։ Եվ շատ հավանական է, որ այս երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի։ Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարի օգոստոսին նույն վայրում տեղի ունեցած երկրաշարժը՝ 4,5 մագնիտուդով, արդեն 40-րդ օրը ունեցել էր 223 հետցնցում։ Ջավախքի այդ ընդարձակման գոտուն բնորոշ է նման սեյսմիկությունը։ Այս գոտին բնութագրվում է թույլ և հաճախ տեղի ունեցող երկրաշարժերով»,- նշեց նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.