Ռուսաստան-Թուրքիա․ Կսկսի՞ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանը

Թուրքիայում ՌԴ դեսպանն ասել է, որ Մոսկվայում ու Անկարայում համաձայնության չեն եկել Պուտինի Թուրքիա այցի ժամկետների վերաբերյալ։ Անկարան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Պուտին-Էրդողան-Զելենսկի հանդիպում՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը թուլացնելու համար։ Էրդողանը Պուտինին առաջարկում է եռակողմ ձեւաչափ՝ Մինսկի համաձայնությունների փոխարեն, դուրս մղելով Արեւմուտքին, ինչը Մոսկվան ու Անկարան արեցին Հայաստանի դեմ Արցախում պատերազմով եւ «հետպատերազմյա կարգավորմամբ»։

Կսկսի՞ Ուկրաինայի դեմ պատերազմը Ռուսաստանը, որն, ըստ արեւմտյան զլմ-ների՝ հնարավոր է փետրվարի 15-16-ին։ Դրա համար ամեն ինչ «պատրաստ» է՝ Արեւմուտքը, ՆԱՏՕ-ն եւ Ուկրաինան մերժել են Կրեմլի բոլոր պահանջները, նահանջի տեղ չթողնելով։ Պուտինը հայտարարել էր, որ մերժման դեպքում ստիպված է լինելու դիմել ռազմական գործողությունների։ Պատրաստ է նաեւ ռուսական զորքը, որը տեղակայվել է Ուկրաինայի հետ սահմանին, այդ թվում Բելառուսում, ինչպես նաեւ Սեւ եւ Ազովի ծովերում։

Ռուս փորձագիտական հանրույթը, ընդ որում՝ ամենատարբեր գաղափարական ուղղվածության, նշում է, որ Պուտինն իրեն դրել է մի իրավիճակում, երբ ցանկացած որոշում աշխատելու է իր եւ Ռուսաստանի դեմ, ընդհուպ՝ երկրի փլուզում։ Ընդ որում, նշում են նրանք, շատ ուժեր շահագրգռված են հենց ռազմական ելքով, նկատի առնելով հետեւանքները Ռուսաստանի համար։

Թուրքիան ռուս-ուկրաինական դիմակայության այս փուլում փորձում է դիրքավորվել որպես միջնորդ-խաղաղարար, նախատելով Արեւմուտքին պատերազմը չկանխելու համար եւ միաժամանակ հայտարարելով ՆԱՏՕ-ի գծով իր պարտականությունների կատարման պատրաստակամության մասին։ Միեւնույն ժամանակ, Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում չի փոխվել, ավելին՝ նկատելի են անթաքույց հավակնություններ։

Ինչն է միավորում «սիրելի ընկերներ» Պուտինին ու Էրդողանին՝ նրանք կայսերական իրենց հիվանդագին նկրտումներում կարծում են, որ «ազդեցության գոտիներում» կարող են միասին հարձակվել ու մասնատել երկրներ առանց միջազգային հանրության եւ միջազգային օրենքների, ինչպես Հայաստանի պարագային։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am