Ողբերգական ավտովթար՝ բախվել են Mercedes-ն ու Volkswagen Vento-ն. կա 1 զոհ, կա 4 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Զոլաքար գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։  Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։ 

Մարտունու հիվանդանոցի բժիշկներն էլ վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։  Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Ոսկանյանն ու նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը։  Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.