Արթիկի ոստիկանները բռնել են գողերին. նրանցից մեկը 31-ամյա Քննիչն է

Հունվարի 29-ին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, թարմ հետքերով բռնել են ենթադրյալ գողություն կատարողների: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Այդ օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում Արթիկի ոստիկանները  «Կ. Գորոյան և գործընկերներ» ՍՊԸ-ին պատկանող քարհանքի տարածքից, որը գտնվում է Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  2 քաղաքացու: Նրանք են՝ Շիրակի մարզի բնակիչներ, 31-ամյա  Քննիչ Կ.-ն և  33-ամյա Վարդան Մ.-ն:

Կասկածյալները եղել են վերջինիս կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով: Տեղում անձնական խուզարկությամբ  նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն ավտոմեքենայում հայտնաբերվել է նշված ՍՊԸ-ին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ «գերշե 35x3+10» տեսակի մալուխ:

Հետագա ընթացքը պարզաբանելու նպատակով ոստիկանները մալուխը առգրավել են, այնուհետև ոստիկանության Արթիկի բաժին է հրավիրվել նշված ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Ափոյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատկանող քարհանքից է գողացվել այդ մալուխը, ինչի պատճառով ՍՊԸ-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Կասկածյալները բաց են թողնվել:

Նշանակվել է դատաապրանքագիտաան փորձաքննություն:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ երբ Արթիկի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նշված ՍՊԸ-ից գողություն են կատարել և նրանց մեջ շոշափվում է «քննիչ» բառը, մտածել են, որ նա քննչական ապարատի աշխատակից է, սակայն երբ  բռնել են կասկածյալներին, նրանց անձերը պարզելուց հետո իմացել են, որ կատարողներից մեկի անունը Քննիչ է: 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.