Երեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2.5 տարեկան Հասմիկ Գրիգորյանը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի եղբոր դուստրն է։ Բժշկական կենտրոնից նշում են, որ երեխայի մահվան պատճառը եղել է ոչ թե սուր շնչառական վարակը, այլ սրտի բնածին արատը: Նա մի քանի օր շարունակ գտնվել է Կարդիոլոգիայի ինստիտուտի մասնագետների հսկողության տակ:
Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ երեխան սրտի արատ չի ունեցել։ Գրիգորյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրը նշեց, որ երեխան, ճիշտ է, սրտի արատ չի ունեցել, սակայն փոքր ժամանակ խնդիրներ եղել են սրտի հետ կապված, որը բուժվել է։ «Մահվան հիմնական պատճառը եղել է սրտամկանի բորբոքումը, որը առաջացել է սուր շնչառական վարակից։ Երեխան սրտի բնածին արատ չի ունեցել։ Բորբոքումը եղել է այս օրերին տարածված վիրուսի պատճառով»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ երեխան շատ լավ առողջական վիճակում է եղել։ Ընտանիքը Ամանորը դիմավորել է արտերկրում։ Հունվարի 3-ին փոքրիկ Հասմիկը սկսել է իրեն լավ չզգալ։ Հունվարի 4-ին ծնողները երեխային տեղափոխել են Հայաստան։ Հունվարի 6-ից երեխան արդեն եղել է «Արաբկիր» բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ։ «Կրկնում եմ՝ երեխան ժամանակին ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ, բայց բուժվել է։ Եվ այնպես չէ, որ այդ խնդիրը բնածին արատ է եղել, որից երեխան մահացել է։ Դա ապատեղեկատվություն է։ Երեխան այս վիրուսներով է վարակվել, որի հետևանքը եղել է այն, որ երեխայի սրտամկանը բորբոքվել է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բժիշկները ամեն ինչ արել են երեխային փրկելու համար, բայց հնարավոր չի եղել։
«Այս թեմայով ես համ երեխայի հոր հետ եմ խոսել, համ մոր կարծիքը գիտեմ, որ պատշաճ բուժօգնություն էր ցուցաբերվում։ Դեռ ավելին, շատ այլ բժիշկների էին ներգրավել որպես կոնսուլտանտ, բայց, ցավոք, ոչինչ հնարավոր չեղավ անել։ Ամեն ինչ արվել է։ Ծնողների միակ դժգոհությունը, այն էլ ոչ բացահայտ, այն էր, որ թույլ չէին տալիս տեսակցել երեխային, որի պատճառն էլ այն էր, որ երեխան վերակենդանացման բաժանմունքում էր, և հենց անվտանգության նկատառումներով տեսակցությունները արգելված էին»,- նշեց մեր զրուցակիցը։Նշենք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում այս դեպքից բացի՝ նախօրեին ևս մեկ դեպք է գրանցվել։ Ծանրագույն նևրոլոգիական խնդիրներով մի աղջիկ է մահացել։
Նրա ունեցած խնդիրներին գումարվել է սուր շնչառական վարակը, որի արդյունքում աղջկա կյանքը փրկել չի հաջողվել։Վերջին օրերին հանրապետությունում սրված է սուր շնչառական վարակների տարածվածությունը։ Խոցելի խմբում 0-2 տարեկան երեխաներն են։ Մանկական բուժհաստատություններն աշխատում են ծանրաբեռնված գրաֆիկով։ Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չկան։ Սրան զուգահեռ՝ առողջապահության նախարարությունից նշում են, որ վիճակը վերահսկելի է, սուր շնչառական հիվանդացությունների աճը սեզոնային բնույթ է կրում, և առկա վիճակը սեզոնին համահունչ է։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am