ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այս միջազգային ֆորմատն է, որն ստեղծվել և օժտվել է միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար։ Այս մասին այսօր Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում։ Եվ այդ ձևաչափում քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը, ըստ այդմ՝ նաև կնքելը։ Չափազանց էական է հիշել նաև այն սկզբունքները, որոնք այս խումբը տարիների ընթացքում մշակել է։ Եվ այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են, և մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք՝ 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց։ Եվ հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը, ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլ նաև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՞ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել։ Եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար դուռ է բացվում նաև մյուսների համար՝ այդ ճանապարհով վարվելու»,- ասաց Արարատ Միրզոյանը։