SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Խոշբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզային ոստիկանություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեվան գյուղի ԽՍՀՄ տարիներից կառուցված, սակայն չշահագործվող մանկապարտեզը քանդում են և «շինմատերիալը» անհայտ անձը կամ անձինք տեղափոխում են ինչ-որ տեղ:
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգյանը:
Տեղում ոստիկանները կասեցրել են ամբողջովին քանդված մանկապարտեզի շինության քարերը տեղափոխելու գործընթացը:
Ոստիկանությունը պարզում է նաև, թե ում հանձնարարականով է քանդված մանկապարտեզի «շինմատերիալը» տեղափոխվում ինչ-որ անհայտ տեղ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մանկապարտեզը քանդում է նախկին գյուղապետը, քանի որ գյուղում կառուցելու են նոր մանկապարտեզ, սակայն ոստիկանությունը ճշտում է նաև, թե մանկապարտեզի մեջ եղած գույքը ով կամ ովքեր են տարել և որտեղ է պահվում այն:
Կա վարկած, որ հնարավոր է՝ գույքը գողացել են: