Պուտինը նոր անսպասելի հարված ստացավ

Lragir.am-ը գրում է.  Մինչ ՌԴ-ն փորձում է Արեւմուտքից անվտանգության երաշխիքներ եւ իր ավանդական ազդեցության գոտու ճանաչում կորզել, Պուտինն անսպասելի նոր հարված ստացավ այդ ավանդական գոտուց՝ Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ ռազմական բախումներ տեղի ունեցան։ Ղազախստանի իրադարձություններից հետո, երբ Մոսկվան զորքը հանեց Չինաստանի ու Թուրքիայի պահանջով, տաջիկ-ղրղըզական բախումներն անկասկած լուրջ խնդիրներ են ստեղծում Կրեմլի համար՝ Արեւմուտքի հետ բանակցություններում փաստարկների առումով։

Կրեմլում անհանգստացած են հակամարտության ծավալման հեռանկարով։ Մյուս կողմից, խնդիրներ են առաջանում իրավիճակի վրա ազդելու հարցում։ ՀԱՊԿ-ը չի կարող «խաղաղարարություն» անել այս հարցում, արդեն հայտարարել են ռուս պաշտոնյաները։ Բանն այն է, որ ՀԱՊԿ-ի իրական գործառույթը Մոսկվայի համար անդամ երկրների ներքին իրավիճակներին միջամտությունն է «անցանկալի զարգացումների» դեպքում։ Բացի այդ, Մոսկվայում Ղազախստանից հետո մտավախություն ունեն նման գործողությունը կրկնելու դեպքում հնարավոր հետեւանքների հարցում։

Մոսկվայի համար իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ վերջին շրջանում լուրջ խնդիրներ են առաջացել Պուտինի եւ Տաջիկստանի նախագահ Ռահմոնի միջեւ, ինչը բարդացնում է «չեզոք միջնորդի» դերում միջամտությունը։ Բարվոք չեն հարաբերությունները նաեւ Ղրղըզստանի հետ, որը բավական վերապահումներով միացավ ՀԱՊԿ գործողությանը Ղազախստանում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.