Իրավապահների պատերազմ. անպատժելիության շան գլուխներից մեկը

Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ: Խոսքը այսպես կոչված Ճըվճըվ Արոյի որդիների մասին է, որոնցից մեկը՝ Սաքուլիկ անվանյալ, հունվարի 8-ի լուսադեմին մեծ արագությամբ մխրճվել էր ծառայություն իրականացնող ՃՈ մեքենայի մեջ, դառնալով երկու ոստիկանի մահվան պատճառ:

Սաքուլիկը, ինչպես նաև նրա եղբայր Սերժուլիկը, ինչպես նշվում է մամուլում, նախկինում բազմաթիվ անգամներ հայտնվել են համանման և այլ աղմկոտ, քրեական պատմություններում, սակայն գրեթե միշտ մնալով անպատիժ: Ընդ որում, ողբերգական վերջին դեպքից հետո հանրության շրջանում ակտիվ շրջանառվեց այն, որ նրանց անպատժելիության, այսպես ասած, հովանավորը նրանց պապն է՝ «Տրանսգազ» ընկերության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Ողբերգական վերջին դեպքից հետո հասարակությունը դարձյալ հիշեց ու բարձրաձայնեց անպատժելիության մթնոլորտի խնդիրը, ասելով, որ եթե Հայաստանում գործեր օրենքն ու արդարադատությունը, ապա քրեական հեղինակության այդ որդիները վաղուց պետք է լինեին պատժված, և ըստ էության այլևս չէին կարող դառնալ նորանոր աղմկոտ պատմությունների և ողբերգությունների պատճառ:

Մի կողմ թողնենք այն, թե գործնականում որքանով է այսպես ասած բուն ողբերգական ավտովթարի խնդիրը ուղիղ կապի մեջ անպատժելիության հետ, սակայն այն, որ կոնկրետ եղբայրները, կարծես թե, եղել են այսպես ասած արտոնյալ կարգավիճակում, թերևս անհերքելի է:

Եվ այս հանգամանքը դարձավ իրավապահներին ուղղված հարցադրումների պատճառ, թե ոստիկանությանը, թե Քննչական կոմիտեին: Ընդ որում, այս օրերին իրադարձությունները սկսեցին ծավալվել նաև տեղեկատվական պատերազմի տրամաբանությամբ, բոլոր կողմերի միջև՝ փոխադարձ մեղադրանքներով: Եվ ահա, երեկ դրանց է միանում Քննչական կոմիտեն, պաշտոնապես հայտարարելով, թե անպատժելիության մասով իրեն ուղղված մեղադրանքները անհիմն են: Որքանով է համոզիչ կոմիտեի հայտարարությունը և բերվող օրինակները, կապված հայտնի եղբայրների հետ, թողնենք մի կողմ:

Տվյալ պարագայում թերևս առավել ընդգրկուն իմաստով ակնառու է այն, որ Քննչական կոմիտեն իր հայտարարության այսպես ասած ենթատեքստում ակնարկում է ոստիկանությանը, որի պաշտոնյաներն այս օրերին հայտարարում էին, որ անպատժելիության հարցադրումները իրենց ուղղված չպետք է լինեն, քանի որ իրենք միշտ էլ արել են իրենց հասանելիքը, մասնավորապես այդ եղբայրների մասով:

Ըստ ամենայնի, Քննչական կոմիտեն այդ հայտարարություններում տեսել է ակնարկ ուղղված իրեն, որ իր գործը չի արել հենց կոմիտեն: Եվ այժմ ահա հնչում է պատասխանը, առավել ևս, որ սոցցանցերում և մամուլի միջոցներում եղել են նաև ՔԿ-ին ուղղված շատ հասցեական և կոնկրետ մեղադրանքներ: Այս ամենում իհարկե հատկանշական է խորքային երևույթն ինքնին, երբ Հայաստանում իրավապահ կառույցների միջև կարող է ծավալվել այդօրինակ տեղեկատվական պատերազմ:

Այն, որ պետական կառույցները կարող են լինել գերատեսչական շահերի բախման մեջ, երևի թե բնականոն երևույթ է բոլոր երկրների կառավարման համակարգերում, սակայն, որ կարող է լինել փոխադարձ տեղեկատվական բաց կամ քողարկված պատերազմ, անպատժելիության համար փոխադարձ մեղադրանքներով, սա իհարկե վկայում է խորքային արատների և խնդիրների մասին: Ու թերևս հենց դա է նաև Հայաստանում իրավականութան ճգնաժամի և անպատժելիության մթնոլորտի իհարկե ոչ միակ կամ հիմնական, սակայն առանցքային պատճառներից մեկը, երբ իրավապահ համակարգը գործում է ոչ թե համադրված, սահուն, փոխլրացնելով իրար, այլ միմյաց մեղադրելով և պատասխանատվությունը միմյանց վրա դնելով:

Եվ այստեղ իհարկե խնդիրը այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ, այլ այն, թե ով պետք է վերջ տա այդ իրավիճակին և ինչպես: Ու թերևս ակնհայտ է, որ խնդրի լուծումն անձերի դաշտում չէ՝ Վովա Գասպարյանի կամ Աղվան Հովսեփյանի, այլ թերևս կառուցվածքի, երբ իբրև շահերի բախման միջոցով արդյունավետության հասնելու համար կատարված փոփոխությունները հանգեցրին ընդամենը պատասխանատվությունը միմյանց վրա գցելու և տեղեկատվական պատերազմի, էլ ավելի խորացնելով անպատժելիությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am