Բացահայտվեց ՌԴ թշնամական ակտը Հայաստանի հանդեպ

Lragir.am-ը գրում է.  Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանը դարձավ ՔՊ-Հայաստան դաշինք տանդեմի «հակադրամիասնության» եւս մեկ դրսեւորում։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ բերանից թռցրեց «ձեր պասերի կարիքը չունեմ», իսկ ընդհանրապես՝ ՌԴ-ին հաճոյանալու համատեքստում ՔՊ-ի դեմագոգիան ու Հայաստան դաշինքի երբեմն մատնագրեր հիշեցնող հարցերի բույլում բացահայտվեց ՌԴ թշնամական ակտը

Խոսքը ՀԱՊԿ-ին դիմելու մասին է, որի վերաբերյալ մի քանի հարց տվեցին կառավարությանը։ Առիթը Ղազախստանում ՀԱՊԿ արագ արձագանքն էր, ընդ որում՝ այդ բլոկի ԱԽ-ում Նիկոլ Փաշինյանի նախագահության պայմաններում։ Ինչու Ղազախստանի պես չենք դիմում ՀԱՊԿ-ին՝ «ադրբեջանցիներին ՀՀ սուվերեն տարածքից վտարելու համար»՝ ահա հարցերի բովանդակությունը։

Նկատենք՝ Հայաստան դաշինքից ոչ ոք չհարցրեց՝ ինչու չեն դիմում ՌԴ-ին, որպեսզի վերջինս կատարի Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ թե ՌԴ-ն, թե ՀԱՊԿ-ը երկու անգամ մերժել են Հայաստանի դիմումները։ Հարցը կարեւոր է մի քանի առումներով․ նախ, ՀԱՊԿ-ի պարագային կան մի քանի «ալիբիներ»՝ սկսած նրանից, որ դա թշնամական կառույց է Հայաստանի հանդեպ, վերջացրած նրանով, որ ՀԱՊԿ-ում կոնսենսուս չէր կարող լինել Բաքվի դեմ գործելու հարցում։ Սա հայտնի է բոլորին։ Այս առումով, Հայաստանի անվտանգությամբ մտահոգությունը պետք է դրսեւորվեր նախեւառաջ ՌԴ պայմանագրային պարտավորություններին հղումով։ Բայց ՀԱՊԿ-ն անշառ թեմա է, բացի այդ էլ՝ առիթը կար՝ Ղազախստանը։

Բայց այս աչքակապության մեջ էլ տեղի ունեցավ բացահայտումը։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքով, «ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, առաջին հերթին գործի են դրվում քաղաքական մեխանիզմները։ Եվ միայն դրանց անհնարինության դեպքում արդեն նախատեսված են խորհրդակցություններ և գետնի վրա միջամտություն»։

ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը հենց այդպես էլ վարվել են։ Բաքվի ներխուժումների վերաբերյալ պարբերաբար տրվող հարցերին Մոսկվան մշտապես մատնացույց է արել «խորհրդային քարտեզներով սահմանազատումը», փաստացի հայտարարելով, որ Հայաստանը «սուվերեն տարածք չունի», եւ այն կարող է ի հայտ գալ միայն սահմանազատումից հետո։ Այսինքն, գործի են դրված «քաղաքական մեխանիզմները», ինչի մասին ասել է Արարատ Միրզոյանը։ Որպեսզի հայերի մոտ կասկածներ չլինեն՝ Բաքուն պարբերաբար դիմում է ներխուժումների։ Վերջին օրինակը հունվարի 11-ի մարտերն էին՝ Ղազախստանում ՀԱՊԿ օպերացիայի օրերին, երբ Մոսկվան հայերին շտապեց «ավետել», որ եթե ուզում եք խաղաղություն լինի՝ շուտափույթ սահմանազատում արեք, Ալիեւն էլ հայտարարեց, որ հայերը ոչ մի տեղից օգնություն չեն կարող սպասել։ Մոսկվա-Բաքու գործողությունների համակարգումը թերեւս արդեն ոչ ոքի մոտ կասկած չի թողնում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.