Ալիեւը պետք է նետվի Հաագայի դատարանի ճաղերի ետև

Պատերազմի հանցագործ Ալիևը՝ հայության #1 թշնամի

Հայաստանը պետք է միջազգային քարոզչական հարթակներում աննախադեպ ակտիվություն ցուցաբերի այսուհետ: Այս ավերիչ պատերազմից հետո այլևս իրավունք չունենք մնալ քարոզչական ագրեսիայի ենթարկվողի դերում, նայելով դրան, թեթև, մատների արանքից, արդարացնելով մեր անգործությունը՝ “ո՞վ չգիտի մեր մասին” սկզբունքով:

Հայերիս համար պատմական այս ժամանակում Ալիևի և Էրդողանի անձերը խորհրդանշվում են հայ ժողովրդի դահիճներ Էնվերի և Թալեաթի հետ: Էրդողանի հետ հաշիվները՝ Արևմուտքի և Մ. Նահանգների ձեռքերում է: Ալիևի դեմ մեր “թեհլերյանական” հատուցումը պետք է կայանա միջազգային դատական ատյաններում, ինչի արդյունքում արյունռուշտ այս բռնապետը պետք է նետվի Հաագայի դատարանի ճաղերի ետև: Ուստի, աշխարհում ապրող հայերիս պարտքը պետք է լինի քարոզչական հասու բոլոր հարթակներում նպաստել Ադրբեջանի գործող նախագահի անվանարկմանը: Ալիևից ածանցվող կոմպրոմատները բյուրավոր են:

Կասեք, ինչ տարբերություն, այս Ալիևին կգա փոխարինելու մեկ ուրիշը: Այո, բայց այդ նորը կգա արդեն “Միլոշևիչի ճակատագրին արժանացած” Իլհամ Ալիևին հաջորդելու, ով ստիպված շատ բաներ կվերանայի նախորդից ժառանգած հակահայ  քաղաքականությունում: Մեկ է “խաղաղության դարաշրջան” հնարավոր չէ կերտել Ալիևի ղեկավարության օրոք: Սահմաններին և Արցախում կրակելով ոչ ապաշրջափակում է հնարավոր, ոչ էլ՝ երեք գումարած ինչ որ բան: Կարճաժամկետ հատվածում հայկական դիվանագիտությունը պետք է աշխատի հասնել Ալիևի դեմ պատժամիջոցների կիրառմանը: “Մագնիտսկու օրենք”-ը, որի մասին, ի դեպ, պատերազմի ժամանակ Հայ դատը նախագիծ էր առաջարկել ԱՄՆ Կոնգրեսում, դրական ելք կապահովեր տարուց ի վեր ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների ազատման հարցում:

Առջևում Հայաստանի թշնամի երկրներ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ միջազգային գործիքներ կիրառելու ակտիվ և պատասխանատու ժամանակաշրջան է լինելու: Ըստ շրջանառվող տեղեկությունների, ընդլայնվելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ու հաստիքակազմը: Ստեղծվող համակարգի կարևոր բաղկացուցիչ պետք է լինի նաև հայկական կողմի նախաձեռնությամբ իրականացվող պատերազմի հանցագործ՝ Ալիևի “միլոշևիչացման” քարոզն աշխարհում:

Հայկական շահերը սպասարկող գաղափարի շուրջ միասնական ցանցային ճակատ է պետք ձևավորել՝ ՀՀ դեսպանատների, հայկական լոբբինգի, Սփյուռքում գործող լրատվական, լրագրողական, փորձագիտական ներուժի, միջազգային ազդեցիկ մտքի գիգանտների և մեդիա խմբերի մասնակցությամբ: Եվ, այո, պետք է ֆինանսներ ներդնել: Արդի իրողություններում ամեն ինչ գին ունի, նույնիսկ քո 100% ճշմարտությունը: Սակայն, ցավոք, վերոնշյալ “միասնական” եզրույթը ոչ մի կերպ դեռ չի փարվում հայերիս:

Այս առումով, դժբախտաբար, թշնամուց սովորելու շատ բան ունենք: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի ստեղծած հակահայ քարոզչական “հոլդինգը” Հայաստանին ու Արցախին վերաբերող ամեն սպիտակը փոխեց սևի, շիտակը՝ թարսի, ճիշտը՝ սխալի, “փոխեց” հայոց պատմության գետերի հունը՝ սնելով աշխարհի հանրությանը “ագրեսոր” Հայաստանի վտանգով: Կալիֆոռնիայում Ադրբեջանի հյուպատոսարանը հակահայ հոդվածներ թողարկող մի խմբագրություն է, ուրկից հարյուրավոր ստահոդ հոդվածներ են առաքվում փողի մուրացիկ կայքերին: Դիմում են հաճախ ամենաստոր քայլերի՝ գնելով որևէ ծախու վերլուծաբանի “դոբրոն”՝ իր ազգանունն արդեն պատրաստի հայատյաց հոդվածի տակ նշելու համար:

Ի դեպ, ադրբեջանական լոբբինգով զբաղվող և մինչև պատերազմը ուժգին հակահայ քարոզչություն ծավալող “BGR Group”-ը այս տարեսկզբից վերականգնել է իր համագործակցությունը Ադրբեջանի հետ, ամիսը՝ $40.000 պայմանագրով, տաս հազարով էժան՝ քան նախկինում էր: Հիշեցնեմ, որ պատերազմի օրերին հայկական համայնքի ճնշմամբ “BGR Group”-ը դադարեց համագործակցել Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ Ալիևը  պատրաստվում է Հաագայի մեղադրանքների դիմակայմանը:

Մեկ տարվա հաշվարկով Ադրբեջանը վճարելու է “BGR Group”-ին մոտավորապես՝ կես միլիոն դոլար: Հանուն մեր ծրագրերի ՀՀ իշխանություններն ի վիճակի կլինե՞ն նման գումարի շրջանակներում վարձել Հայաստանի շահերը սպասարկող վաշինգտոնյան ազդեցիկ հակընդդեմ մի լոբբինգային կառույց, ավելի ամրացնելու եղած հայկական ուժերը: Եթե ոչ, Սփյուռքի ջանքերի շնորհիվ կարելի է այն իրագործել, թեկուզ հանգանակությամբ: Կես միլիոն դոլարը, կարծում եմ, ի զորու ենք գտնել:

Իսկ քանի՜- քանի՜ միլիոններ են ծախսվում Հայաստանում ներքին կյանքը խաթարելու համար: Ամենավերջին չափանիշներին համահունչ մեդիա միջոցներ են գործում պատերազմից վիրավոր երկրում հանրային ատելության մթնոլորտ գեներացնելու համար: Իսկ Հայաստանի սահմաններից մեկ քայլ այն կողմ՝ լռություն է: Հայաստանի շուրջը գալարվող թշնամիների դիմաց քարոզչական խրամատ չկա, բացի կամավորագրված մի քանի պատվախնդիր հայորդիներից: Տարօրինակորեն, նույն պատկերն է նաև Սփյուռքում, ուր հայկական մեդիան ավելի շատ Հայաստանի ներսում անկայունության սպասարկմամբ է զբաղված, քան թշնամական մարտահրավերներով: Անընդունելի փաստ է նաև, որ մինչ օրս Մ. Նահանգներում Հայաստանի դեսպան նշանակված Լիլիթ Մակունցը խուսափում է համագործակցել ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ղեկավարությունն, անկասկած, գիտակցում է, որ հայ ժողովրդի և արցախահայության համար Ալիևը գոյութենական սպառնալիք է այլևս:

Արդյո՞ք բավարար ցանկություն, կամք կա սկսելու տարածաշրջանում Ալիևի “չեզոքացման” գործընթացը: Հակա-ալիևյան պայքարը պետք է որ ամբողջովին տեղավորվի այս իշխանությունների հռչակած “խաղաղության դարաշրջան”-ի տրամաբանության մեջ:

Սառա Գասպարյան, Նյու Յորք

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am