Մոսկվան շտապեց երաշխիքներ տալ Անկարային ու Բաքվին

Lragir.am-ը գրում է. Այն բանից հետո, երբ Ղազախստանի իրավիճակում «բեկում մտցվեց», ինչպես ասել է Զասը, իսկ Ռուսաստանի և Արևմուտքի բանակցություններից հետո ԱՄՆ-ն հայտարարեց Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման նախապատրաստման մասին, Բաքուն և Անկարան սկսեցին քայլեր ձեռնարկել։ Մասնավորապես, Ալիեւը մեկնեց Կիեւ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ Չինաստան։

Ղազախստան ՀԱՊԿ զորքերի մուտքից անմիջապես հետո Բաքուն հայտարարեց այս տարի դաշինքի երկու զորավարժություններին մասնակցելու մտադրության մասին։ Բայց ՀԱՊԿ-ի նույնքան արագ դուրս գալուց հետո Ալիևն ասաց, որ եթե Հայաստանը հույս ունի, որ կարող է ինչ-որ տեղից օգնություն ստանալ, ապա նոր պատերազմի դեպքում «ոչ ոք և ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել»։

Ըստ ամենայնի, Բաքուն և Անկարան փորձում են երաշխիքներ ստանալ, որ Հարավային Կովկասում ստատուս քվոն չի փոխվի։ Բաքուն վախենում է 2020 թվականի պատերազմի արդյունքների վերանայումից, որոնք դեռևս չեն ձևակերպվել միջազգային փաստաթղթերում։ Անկարան իր հերթին վախենում է «հայ-թուրքական կարգավորման» ներկայիս փուլի ձախողումից, որը պետք է հանգեցնի Թուրքիայի «տարածքային ամբողջականության» ճանաչմանը։

Մոսկվան շտապեց երաշխիքներ տալ՝ հայտարարելով, որ Հայաստանը պետք է համաձայնի սահմանազատմանը խորհրդային քարտեզներով, ինչպես նաև հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ Ռուսաստանի «աջակցությամբ», այսինքն՝ կատարի ռուս-թուրքական պայմանավորվածությունները։

Հայաստանը ևս «երաշխիքներ» է տալիս․ Փաշինյանն արդեն որոշում է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կզբաղվի Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնմամբ և այդ խմբի ղեկավար է նշանակել Իրանում Հայաստանի նախկին դեսպան Արտաշես Թումանյանին։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունը փորձում է լղոզել «Գազպրոմի» պահանջը, որը Հայաստանից ստացել է տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի վճարումներ, միաժամանակ՝ գազի սակագնի բարձրացում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.