Մոսկվայի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում հաստատել են քաղաքի կենտրոնում վերելակի ընկնելու հետեւանքով երկու ՀՀ քաղաքացիների զոհվելու մասին տեղեկությունները:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նախնական տվյալներով ՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ վերելակն ընկել է խորշը:
«Ցավոք, նախնական տեղեկություններով, զոհվել են երկու աշխատողներ»,- հավելել են գերատեսչությունից:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` միջադեպը տեղի է ունեցել Բոլշայա Յակիմանկա փողոց, 24 հասցեում։
Մոսկվայի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Լյուդմիլա Նեֆեդովան «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ գերատեսչությունը ստուգումներ է սկսել Բոլշայա Յակիմանկա փողոցում գտնվող հյուրանոցում երկու տղամարդու դիակների հայտնաբերման կապակցությամբ:
Նրա խոսքով` նախապես պարզվել է, որ զոհվածները վերելակների սպասարկման ծառայողներ են:
Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատանքը համակարգում է Զամոսկվորեցկու շրջանային դատախազի պաշտոնակատար Ելենա Մալիկովան:
«Ստուգման ընթացքում դատախազները կպարզեն տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները, գնահատական կտան դաշնային օրենսդրության կատարմանը եւ հիմքերի առկայության դեպքում կձեռնարկեն դատախազական արձագանքման միջոցներ»,- նշել է Նեֆեդովան:
«Ինտերֆաքսի»-ի աղբյուրը հայտնել է, որ վերելակը վերանորոգող աշխատակիցները ՀՀ քաղաքացիներ են: