Այսօր՝ Երևանում հայտնաբերվել է Հայաստանի հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Այսօր՝ հունվարի 12-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի փողոցային հատվածում՝ «Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղի դիմաց, տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

 

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Պարեկներ Նարեկ Սուքեյանը և Անդրանիկ Հարությունյանը սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Նարեկ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.