Այսօր Երևանում մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Այսօր Երևանում մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։

Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի  3-ին Սպիտակի շրջանի Մեծ  Պարնի  գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին  ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/,  ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի  բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ.  Աբովյանի անվան Հայկական  պետական  մանկավարժական  ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:

 

Ուսանելուն  զուգընթաց,  աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝  նաև  «Գրական թերթի» խմբագրությունում՝  որպես սրբագրիչ: 1965-ից վարել  է «Գրական  թերթի»  պոեզիայի  և  արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային  կապի  կոմիտեում՝  որպես  ավագ  խորհրդական: 1975-1990 թթ. եղել  է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

1989 թ.նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

1989 թ.նշանակվել է  Հայաստանի  Գերագույն  խորհրդի  Աղետի  գոտու  հանձնաժողովի  նախագահի  առաջին  տեղակալ։

1991-1999 թթ.  եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի   վարչության  նախագահը։

1994-1996 թթ.  ընտրվել է Հայաստանի  Գրողների  միության  վարչության  նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի  Հանրապետության  նախագահի  խորհրդական:

2005-2007 թթ.՝  «Երևան»  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի  տնօրենի  խորհրդական:

Առաջին  բանաստեղծությունը  տպագրվել  է 1957 թ. Լենինականի  «Բանվոր»  թերթում,  առաջին  ժողովածուն՝  1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝  ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են  «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.