ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն մերժեցին Ռուսաստանի վերջնագիրը

Լragir.am-ը գրում է.  «Ոչ մի երկիր իրավունք չունի բռնի ուժով փոխել մյուսի սահմանները, ոչ մի երկիր իրավունք չունի մյուսին քաղաքականություն թելադրել կամ ցույց տալ, թե ում հետ կապեր պահպանի, ոչ մի երկիր չի կարող ազդեցության գոտիներ հաստատել։ Այս հայեցակարգը պետք է նետվի պատմության աղբակղ»,- այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2021 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց՝ դուրս բերել ՆԱՏՕ-ի զորքերը Արևելյան Եվրոպայից և չընդլայնվել հետխորհրդային տարածքում։

ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բանակցությունները կսկսվեն հաջորդ շաբաթ, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն զգուշացնում է, որ Ռուսաստանը կարող է չհամաձայնվել և ներխուժել Ուկրաինա։ Դա տեղի է ունենում Ղազախստանում իրադարձությունների ֆոնին, որտեղ Ռուսաստանն առաջին անգամ ՀԱՊԿ զորքեր է մտցրել, որպեսզի իր ռազմական միջամտությունը նման չլինի ինտերվենցիայի։

Բլինքենը նշել է, որ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին հարցեր է առաջացնում Վաշինգտոնում։ Ըստ ԱՄՆ-ի՝ Ղազախստանն ունի բավականաչափ ռեսուրսներ՝ իրավիճակն ինքնուրույն կարգավորելու համար: «Անհասկանալի է, թե ինչու են նրանք արտաքին օգնության կարիք զգացել», – ասել է պետքարտուղարը։

Բլինքենն ասել է, որ Ռուսաստանը, որը տասնյակ հազարավոր զինծառայողների է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով, ամբողջ աշխարհի «գլուխը տանում է»՝ ներկայացնելով իր պահանջները եվրոպական անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

«Ոչ ոք չի զարմանա, եթե Ռուսաստանը սադրանք կամ միջադեպ հրահրի, իսկ հետո փորձի այն օգտագործել ռազմական միջամտությունն արդարացնելու համար՝ հուսալով, որ երբ աշխարհը հասկանա, որ դա խորամանկություն է, արդեն ուշ կլինի»,- ասել է Բլինքենը։

Բլինքենն ասել է, որ բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում է լինելու «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»։ «Մենք չենք շեղվելու այս հարցից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև Մոսկվայի ապակայունացնող, վտանգավոր և հաճախ անօրինական վարքագծի ավելի լայն մոդելի մի մասն է, որը փորձում է ստեղծել ազդեցության գոտի, որն ընդգրկում է այն երկրները, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության իշխանության տակ», – ասել է Բլինքենը:

ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա առանձին վերցրած յուրաքանչյուր պետության՝ դաշինքին անդամակցելու կամ չանդամակցելու հարցում ինքնուրույն ընտրելու իրավունքի պահպանման հարցում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

«Մենք չենք կարող հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ կունենանք ՆԱՏՕ-ի երկրորդային անդամներ, որոնց ՆԱՏՕ-ին որպես դաշինք թույլ չի տրվի պաշտպանել»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ն կմասնակցի Ռուսաստանի հետ «անկեղծ և սկզբունքային երկխոսության», սակայն «մենք պետք է պատրաստ լինենք դիվանագիտական ​​ձախողման հավանականությանը», շարունակել է Ստոլտենբերգը։ «Ուկրաինան ինքնիշխան, անկախ երկիր է և ունի պաշտպանության իրավունք»,- ասել է Ստոլտենբերգը։

«Պուտինն առաջարկել է ՆԱՏՕ-ի հետ քննարկել անցյալին՝ ազդեցության գոտիներին վերադառնալու հարցը, ինչը կնշանակի, որ Ռուսաստանը կվերականգնի Յալթայի [համաձայնագրերի] ոգին»,- ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար, ԵՄ-ում նախագահող Լե Դրիանը՝ նկատի ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից տերությունների համաժողովը, որը տեղի ունեցավ 1945 թվականի փետրվարին, երբ Խորհրդային Միությունը վերահսկողություն ստացավ իր արևելաեվրոպական հարևանների վրա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.