Ռուս-թուրքական մերձեցում «հայկական առանցքի» վրա. Պուտինը հավաստիացրել է Էրդողանին

lragir.am-ը գրում է. 

Բայդեն-Պուտին գործընթացի ֆոնին, որի շրջանակներում Մոսկովիայի ղեկավարությունը փորձում է հետխորհրդային տարածքում ազդեցության «յառլիկ» ստանալ, տեղի է ունենում ռուս-թուրքական մերձեցման նոր փուլ։ Պուտինը կրկին զանգել է Էրդողանին և հայտարարել ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման մասին։

Ռուս-թուրքական մերձեցման «առանցքը» շարունակում է մնալ Հայաստանը, որը Թուրքիայի և Ռուսաստանի համար գոյաբանական խնդիր է։ Եվ եթե Ուկրաինայի հարցում Պուտինն ու Էրդողանը հայտարարությունների մակարդակում «տարաձայնություններ» ունեն, Հայաստանի հարցում փոխըմբռնումը եւ սիներգիան լիարժեք են։

Շատերն անիրատեսական են որակել Պուտինի վերջնագիրն Արևմուտքին ՆԱՏՕ-ի ընդլայնումը բացառելու եւ ազդեցության գոտիների վերաբերյալ, քանի որ դա կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը: Այդ դեպքում ինչի՞ է փորձում հասնել Պուտինը, հարցնում են փորձագետները։

Արևմուտքը չի վիճարկում Հարավային Կովկասում հարցեր լուծելու Ռուսաստանի և Թուրքիայի իրավունքը (առանձին ​​հայտարարությունները հաշիվ չեն): Հայաստանի կառավարությունն էլ դժգոհ չէ՝ կրծքով պաշտպանելով ռուս-թուրքական ծրագրերը։

Արեւմտյան քաղաքական մի շարք վերլուծաբաններն ասում են, որ Անկարային չպետք է թույլ տալ ընդլայնել ներկայությունը Հարավային Կովկասում: Նախիջևանով Բաքու ուղիղ տրանսպորտային կապն ապակայունացնում է տարածաշրջանը, Թուրքիան հակամարտության կողմ է, որն իրավունք չունի մասնակցելու խաղաղության պարտադրմանը, անհրաժեշտ է լուծարել ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, անհրաժեշտ է սահմանափակել Ռուսաստանի դերը հետխորհրդային տարածքում, գրում են ամերիկացի քաղաքագետները՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմը խրախուսում է Թուրքիային և Ռուսաստանին Հարավային Կովկասում։

Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ անում են, որ Երևանը ճանաչի Թուրքիայի եւ «Ադրբեջանի» սահմանները։ Չավուշօղլուն հայտարարել է, որ հունվարին կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Ռուսաստանը հայտարարել է իր լիակատար աջակցությունն այս գործընթացին։ Ի պատասխան՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը հրապարակել է 100 տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ճանաչման պատմությունը, որտեղ նշվում է, որ ԱՄՆ-ը չի կարողացել իրականացնել Վիլսոնի արբիտրաժը Հայաստանի «բոլշևիկյան-թուրքական օկուպացիայի» պատճառով։

Պուտինն ու Բայդենը քննարկո՞ւմ են Հայաստանի օկուպացիայի հարցը «ռազմավարական երկխոսության» շրջանակներում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.