Ուկրաինան կարծես պատրաստվում է ռազմական գործողությունների․ Ռուսաստանի ԱԳՆ

Ուկրաինայի իշխանությունները, ավելացնելով պաշտպանական բյուջեն 20%-ով, կարծես պատրաստվում են Դոնբասում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ութ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ տալու փոխարեն Կիևը կարծես պատրաստվում է «Դոնբասի խնդրի» ռազմական լուծմանը, ինչպես իրենք են անվանում», – ասաց դիվանագետը:

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը ցավում է, որ ՆԱՏՕ-ի երկրները լիովին աջակցում են պաշտոնական Կիևին սեփական բնակչության դեմ «խաչակրաց արշավանքում»։

«Խորապես ցավալի է, որ ՆԱՏՕ-ի երկրները լիովին աջակցում են Ուկրաինայի ներկայիս իշխանություններին այս բացարձակ խելագարության մեջ. խաչակրաց արշավանք սեփական բնակչության դեմ։ Նրանք ոչ միայն որոշակի տեսակի զենք ու զինտեխնիկա են մատակարարում նրանց, այլև ուղարկում են իրենց ռազմական մասնագետներին․․․ Մի՞թե դա նույնպես ոչ ոք չի տեսնում», –  ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Դոնբասում կողմերի շփման գծում իրավիճակը շարունակում է վատթարանալ՝ ԵԱՀԿ առաքելությունը վերջին երկու շաբաթվա ընթացքում այնտեղ հրադադարի ռեժիմի հինգ անգամ ավելի շատ խախտումներ է գրանցել, քան մեկ տարի առաջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.