Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու դեպքի վերաբերյալ:
Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծեց, որ զոհված զինծառայողը խոցվել է հակառակորդի դիպուկահարի կողմից, սակայն շեշտեց, որ զինծառայողը որևէ խախտում չի իրականացրել: «Միանշանակ փաստ է, որ զինծառայողը խոցվել է հակառակորդի կողմից: Հրամանատարը, ով նետվել է զինծառայողին
օգնություն ցուցաբերելու, ևս վիրավորվել է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի մեքենան ևս ընկել է հակառակորդի կրակի տակ: Մեքենայում եղած զինվորներից ևս մեկը թեթև վիրավորվել է»,- ներկայացրեց Մ. Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը նաև հայտնեց, որ երկու զինծառայողները թեթև վիրավորում են ստացել: «Ցանկանում եմ հատուկ ընդգծել սպայի սխրագործությունը, ով առանց մի վայրկյան մտածելու նետվել է իր զինվորի կյանքը փրկելու, սակայն վիրավորվել է:
Իսկ մեր զինվորը որևէ խախտում չի արել, պարզապես հակառակորդն անընդհատ միջոցներ է փնտրում մեր զինծառայողներին խոցելու համար»,- ընդգծեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ yerkirmedia.am