Լragir.am-ը գրում է. Արեւմտյան քաղաքական գործիչների Ստեփանակերտ այցերի կապակցությամբ Բաքվի հիստերիան գալիս է այն բանի գիտակցությունից, որ հնարավոր «տեղատվությունը» կբացի Հայաստանի դեմ Մոսկվա-Անկարա-Բաքու արշավի կեղտոտ հատակը։
Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ այդ երկրի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի Ստեփանակերտ այցի կապակցությամբ։ Բաքվում Ֆրանսիայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ։ Բաքվում վախենում են, որ Ֆրանսիան կճանաչի Արցախը։ Դրանից Հայաստանի իշխանությունն էլ է վախենում։
Միեւնույն ժամանակ, Բաքվի զլմ-ներում կրկին սկսել են խոսել հայերի ռեւանշի մասին։ Հայերը Ղարաբաղում պետք է զինաթափվեն, եւ դրա համար հակաահաբեկչական գործողություն է պետք։ Ռուսները խոստացել են ոչ միայն Հայաստանի բանակի դուրսբերումն, այլեւ Արցախի բանակի լուծարումը, գրում են Բաքվի զլմ-ները։
Արցախի խորհրդարանում Արայիկ Հարությունյանը, եւս մի անգամ շնորհակալություն հայտնելով Պուտինին, ասել է, որ Արցախի բանակը պետք է վերակազմավորվի։ Արցախի խորհրդարանը քննարկում է Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին կից ռազմականացված կառույցներ ստեղծելու մասին նախագծերը, կառույցներ, որոնք «պետք է կանխեն ահաբեկչական եւ դիվերսիոն գործողությունները»։ Ըստ էության, դա «բանակի վերակազմավորման» գործընթացն է։
Ռուս փորձագետները Բաքվի զլմ-ներում գրում են, որ «ռեւանշիստները» Երեւանում թույլ չեն տալիս Փաշինյանին ամբողջ ծավալով կատարել Ալիեւի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ցանկացած պահի կարող են սադրանքի դիմել։ Սակայն Մոսկվան նման դեպքերում իսկույն ճնշում է գործադրում, կանխելով նման հնարավորությունները, գրում են նրանք։
Բաքվում շատ լավ գիտեն, թե ինչպես է ձեռք բերվել իրենց «հաղթանակը», ինչպես է «հետպատերազմյա կարգավորումն» ընթանում Մոսկվայի ու երեւանյան խամաճիկ վարչակազմի երաշխավորությամբ, եւ ինչ կլինի, եթե հայերը թոթափեն անելանելիության ու անորոշության վիճակը, որն ամենօրյա ռեժիմով ներարկվում է հայ հանրությանը։