Առաջարկվում է Հայաստանում 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում մեկնարկել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:
ՀԾԿՀ-ից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կկազմի 23.8 մլրդ դրամ: Արդյունքում առաջարկում են սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն ավելացնել 4.7 դրամ/կՎտժ-ով: Ընդ որում, առաջարկվում է՝սոցիալապես անապահովների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 11 տոկոսը, սակագները թողնել անփոփոխ, իսկ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար, որոնք կազմում են բնակիչ-բաժանորդների 55 տոկոսը, առաջարկվում է սակագներն ավելացնել 1.5 դրամ/կՎտժ-ով: Իսկ բնակիչ-բաժանորդների 25 տոկոսը կազմող՝ ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար առաջարկվում է սակագներն ավելացնել 3.5 դրամ/կՎտժ-ով, իսկ մնացած սպառողների համար առաջարկվում է սակագինն ավելացնել 5.5 դրամ/կՎտժ-ով:
Ըստ այդ առաջարկի՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն նախատեսվում է դարձնել 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:
Բնակիչ բաժանորդների քանակը 811 հազար 316 է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկումն անցկացվում է սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ: