Էքստրեմիզմի սպառնալիքը․ Պուտինի տարօրինակ հայտարարությունը

Lragir.am-ը գրում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը հերթական խորախորհուրդ հայտարարությունն է արել հատուկ ծառայությունների օրվա կապակցությամբ՝ նա ասել է, որ Ռուսաստանի միասնությանը սպառնում է էքստրեմիզմը։

Էքստրեմիզմ․ քաղաքականության մեջ հակումը ծայրահեղ հայացքների եւ գործողությունների մեթոդների։ Դրան հակված են ինչպես անհատները, այնպես էլ քաղաքական ու կրոնական կազմակերպությունները։ Դրա դրսեւորումներն են անկարգությունների հրահրումը, ահաբեկությունը, ընդհատակյա գործողությունները։ Էքստրեմիզմի աճին նպաստում են սոցիալ-տնտեսական ճգնաժամերը, կենսամակարդակի կտրուկ անկումը, տոտալիտար ռեժիմների առկայությունը, ներքին կոշտ սահմանափակումները։

Սա էքստրեմիզմի վերաբերյալ ընդունված հակիրճ բնորոշումն է։ Ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի հատկապես վերջին տասնամյակի ներքին ու արտաքին քաղաքականության հռչակված նոր կուրսը ընդհանուր գծերով «ենթարկված» է այս բնորոշմանը։ Ավելին, դատելով ռուսական օֆիցիոզի գնահատականներից ու հիմնավորումներից՝ նոր կուրսը մնացել է ՌԴ «միասնությունն» ապահովող միակ «գաղափարախոսությունն» ու մեթոդը։

ՌԴ-ում Պուտինի վարչակարգի քաղաքականության հետեւանքով սոցիալ-տնտեսական դեգրադացիայի, աղքատության աճի, տեխնոլոգիական հետամնացության խորացման ֆոնին խստացվում է ներքին օրենսդրությունը, կտրուկ սահմանափակվում են ներքին ազատությունները, աճում է ուժային եւ իրավական ամենաթողությունն ու ռեկետը։ Այսինքն, առկա է մի կողմից «էքստրեմիզմի» պարարտ հողի ձեւավորումը, մյուս կողմից՝ «էքստրեմիստական կազմակերպությունների» դեմ պայքարի անվան տակ վարչակարգն ապահովում է իր դիրքերի ու կարողության պահպանումը։

ՌԴ արտաքին քաղաքականությունը ներքինի օրգանական միասնությունն է հիբրիդային պատերազմի աննախադեպ ծավալներով կիրառմամբ՝ ըստ միջազգային եւ ռուսական զլմ-ների՝ հաքերային հարձակումներ, պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, մեդիայի կոռումպացում, գազային շանտաժ, թունավորումներ եւ այլն։

Իսկ այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը Հայաստանի դեմ ծավալեց 2013-14-ից եւ շարունակում է մեր օրերում, Պուտինի հռչակած «նոր քաղաքականության» խտացված գործադրումն է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.