Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Էդգար Պ.-ի գործի դատական քննությունը:
34-ամյա Էդգարին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել կողոպուտի և տուժողին ծեծի ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Գործի նախաքննության ընթացքում տուժողին ծեծի ենթարկելու մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղադրյալի ու տուժողի հաշտության հիմքով:
Գործը դատարան է ուղարկվել միայն կողոպուտի մեղադրանքով, որի դեպքում ևս տուժողը նույն անձն էր՝ Ալլա Ա.-ն (անունը փոխված է):
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 11-ի սահմաններում Էդգար Պ.-ն Ստեփանավան քաղաքի իր բնակարանում փոխադարձ համաձայնությամբ Ալլա Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով Ալլայի շորերը սկսել է հանել: Վերնազգեստը հանելուց հետո ընկերուհու կրծկալի մեջ նկատել է երկու հատ 20 հազար դրամանոց թղթադրամ:
Էդգար Պ.-ն երկրորդ պլան է մղել Ալլա Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալու պայմանավորվածությունը, մոռացել է՝ «ինչի համար էին հավաքվել», բացահայտ հափշտակել է ընկերուհու 40 հազար դրամը, նրա նկատմամբ բռնություն է գործադրել ու անփող դուրս է հանել տանից…
Դատարանում Էդգար Պ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Էդգար Պ.-ն վատառողջ է՝ մանկուց անժամկետ 3-րդ խմբի հաշմանդամ է, ընտանիքը սոցիալապես անապահով է, տուժողին պատճառած նյութական վնասն ամբողջությամբ հատուցել է, տուժողը բողոք, պահանջ չի ներկայացրել:
Դատարանը Էդգար Պ.-ին մեղավոր է ճանաչել կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է տուգանքի՝ 300 հազար դրամի չափով:
Դատարանը հաշվի է առել Էդգար Պ.-ի գույքային դրությունը, այն, որ նա ի վիճակի չէ նշանակված տուգանքը անհապաղ ու ամբողջությամբ վճարել, նրա համար սահմանել է վճարման ժամկետ՝ 1 տարի, և թույլատրել է տուգանքը վճարել մաս-մաս՝ ամսական 25 հազար դրամի չափով:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am