3+2-ն, այո, փոխարինելու է Մինսկի խմբին, իսկ հայերը վիկտիմ են, սա էլ է ձեզ շատ․ Մոսկվայից՝ հայերին

Lragir.am-ը գրում է. Երեւանում ՌԴ դեսպանի բարձր հովանու ներքո հերթական հակահայ հավաքն է տեղի ունեցել եվրասիական ինտեգրացիայի անվան տակ։ Կոպիրկինյան այս հավաքները կազմակերպվում են կամ Հայաստանում «ռուսական ներկայության ակտորների» հրահանգավորման, կամ հայերին «բարձր դռան» տեսլականները ներկայացնելու համար։ Երեկվա հավաքն այս շարքից էր։

Գլխավոր բանախոսը հստակ հայտարարեց, որ ռուսական նախաձեռնությամբ ստեղծված 3+3 թե 2 ձեւաչափը բանակցային ձեւաչափ է, եւ որ «հնացած բանակցային հարթակներին, որոնք հոգեբանորեն և դիվանագիտորեն սպառել են իրենց և չեն կարող սկզբունքորեն նոր բաղադրիչ առաջարկել հիմնախնդրի լուծմանը, փոխարինում են բանակցային նոր հարթակներ»։

3+2-ի էությունն ու նպատակները Հայաստանում արդեն պարզ են բոլորին, այդ թվում երդվյալ ռուսանպաստներին՝ Արցախի կորուստ, Մոսկվա/Կարսի պայմանագրի ընդլայնում Նախիջեւանի թուրքական ռազմականացման իրավական խնդրով, տնտեսական ու հաղորդակցական լիակատար մեկուսացում եւ այլն։

Մոսկվացի բանախոսն ասել է, որ «հայ ժողովրդին և քաղաքական իսթեբլիշմենթին զգալի չափով հատուկ է «վիկտիմության»՝ պատմական զոհի սինդրոմը, հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության սինդրոմը: Իսկ ինչպե՞ս է դա փոխակերպվում քաղաքական պրակտիկայում: Դրանք կասկածամտության, զգուշավորության տարրերն են, հավելյալ հարաբերությունների և դաշինքների մեջ մտնելու մտավախությունը՝ հայ հասարակության վիճակին չվնասելու համար»: «Ես կուզեի նախազգուշացնել և որպես կին խորհուրդ տալ հայ գործընկերներին և բարեկամներին պահը բաց չթողնել, քանի որ իրավիճակը չափից ավելի շատ լարելը, սեփական շահերի բացարձակացումը և զիջելու ծայրահեղ դժկամությունը կարող են զրկել ձեզ այն հեռանկարներից, որոնք այժմ բացվում են ձեր առջև»։

Հայերը չեն հասկանում իրենց օգուտը, ավելի ճիշտ՝ հայերը շահեր ու պահանջներ չեն կարող ունենալ եւ պետք է բավարարվեն նրանով, ինչն առաջարկվում է, դա էլ է շատ հայերի համար՝ ահա մոսկովյան ուղերձը, որն իրականացվում է նաեւ գործնական գետնի վրա՝ Պուտին-Լավրովի պլանով եւ թուրքերի հետ համագործակցությամբ։

«Պատմական զոհի սինդրոմի, պատմական անարդարության սինդրոմի» հիշատակումը հայերի իրավունքների ու պահանջների բացառման «գաղափարային հենքն է»։ Ավելի պարզ՝ հայկական շահերի ու պահանջների խնդիր գոյություն չունի որպես այդպիսին, քանի որ դա այդ սինդրոմների հետեւանք է, ըստ այդմ՝ ամեն ինչի համար բացառապես հայերն են մեղավոր։

Այս օրինակով տեսնում ենք, թե ինչպիսի քաղաքական, հոգեբանական խորքային շերտեր է շոշափում Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը։ Հայաստանում Ռուսաստանի 200-ամյա ներկայությունն ուղղված է եղել հայկական տարրը եւ պետականությունը հայերի բնակության պատմա-քաղաքական բնական արեալում կրճատելուն եւ ոչնչացնելուն, «ռուսական փրկչության եւ թուրքական սրի սխեմայով», որն անխափան կարող էր աշխատել հայերին զոհի սինդրոմի ներարկմամբ՝ ռազմական եւ հոգեբանական պատերազմի ողջ զինանոցի կիրառմամբ։ Այն շարունակվում է մեր աչքի առաջ՝ Կովկասից անխուսափելի հեռացումից առաջ Ռուսաստանը փորձում է վերացնել Հայկական պետականությունն ու խնդիրները զանազան ձեւաչափերով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.