Lragir.am-ը գրում է. Մինչ պաշտոնապես հայտարարվում է, թե համաձայն Սոչիի եռակողմ հայտարարության՝ քննարկումներ են ընթանում այսպես կոչված սահմանազատման գործընթացը մեկնարկելու համար, այն վաղուց մեկնարկել է եւ շարունակվում է։ Օրերս տեղեկություն տարածվեց Տավուշի մարզում «անկլավները» շրջանցող ճանապարհ կառուցելու մասին։ Ռուս զինվորականներն արդեն տեղակայվել են այն հատվածներում, բնականաբար ՀՀ տարածքում, որտեղով պետք է անցնի «սահմանը»։ Դասական սխեմա, որը կիրառվում է Խոզնավար-Սոթքից մինչեւ Տավուշ։
Ռուս-թուրքական «եռակողմ» համաձայնությունները, այդ թվում սահմանազատման հարցը, իրականացվում են հետնամուտքից, իսկ պաշտոնական հայտարարություններն այդ հանգամանքը քողարկելու եւ դրանից ուշադրությունը շեղելու համար են։
Թե ինչ է սահմանազատումը խորհրդային քարտեզներով՝ պարզ է արդեն բոլորին։
Այսինքն, իմաստն այն է, որ մինչ պաշտոնական փաստաթղթերի կնքումը համաձայնություններն արդեն իրականացված լինեն։ Դրա վկայությունն են «անակնկալ» հայտարարությունները սահմանազատման հանձնաժողովի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկի եւ այլնի վերաբերյալ։
Դա «եռակողմ» համաձայնությունների շահառուներին՝ Մոսկվային, Բաքվին ու Անկարային հնարավորություն է տալիս շրջանցել գործող միջազգային կարգը, երաշխիքներ ձեւավորել համաձայնությունների կատարման համար, բացառել արտաքին այլ կողմերի եւ ձեւաչափերի միջամտությունը եւ փաստաթղթերով «լեգիտիմացնել» արդեն ստեղծված իրողությունները։ Դա անհնար է առանց Երեւանի ստորագրության, եւ Փաշինյանի կառավարությունը հստակ իրականացնում է այդ համաձայնությունները։
Ինչ է ստանում դրա դիմաց Հայաստանը։ Փաշինյանի թվարկած խաղաղ դարաշրջանը եւ այլ անհեթեթությունները կապ չունեն իրականության հետ։ Հայաստանի հանգուցային դերի գիտակցման, դրան համարժեք նախաձեռնությունների բացակայության պայմաններում ավելորդ է խոսել որեւէ շահի եւ պահանջների մասին։ Գործ ունենք ողբերգական անմեղսունակության եւ թշնամական ծրագրերին հպատակության իրողության հետ, թեեւ Հայաստանի հանգուցային դերը հնարավորություն էր շրջելու իրավիճակը։
Բրյուսելի եռակողմ հանդիպումն ամրագրեց ասվածը։