Նոր մանրամասներ Երևանում ինքնաձիգից արձակած կրակոցների դեպքից. Maybach-ի վրա հայտնաբերվել է 12 հետք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 35 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է դեկտեմբերի 11-ին Երևանում ինքնաձիգի օգտագործմամբ տեղի ունեցած խուլիգանական գործողությունների փաստով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 16։15-ի սահմաններում Արաբկիրի 29 փողոցի 2-րդ շենքի հարակից հատվածի մոտ Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Սմբատյանը, նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արամ Սմբատյանը վիճաբանություն են ունեցել Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Գևորգ Սուքիասյանի, 42-ամյա Լևոնիկ Սարգսյանի հետ, որը այնուհետև ավարտվել է, սակայն հետո Գ. Սուքիասյանը իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել է Գ. Սմբատյանի հոր՝ Արայիկ Սմբատյանի կողմից շահագործվող Maybach մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրանից հետո Վ. Դավթյան փողոցի 47/2 հասցեում գտնվող խանութի մոտ Գ. Սուքիասյանը կրկին անգամ ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ, ապա BMW մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի։

Գ. և Ա. Սմբատյանները հայտնաբերվել ու հրավիրվել են ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Սուքիասյանին, Լ. Սարգսյանին և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի լվացման հարցը.  տեսախցիկն արձանագրել է այդ պահը, իսկ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև BMW մակնիշի այն ավտոմեքենայի համարանիշները, որով Գ. Սուքիասյանը կրակելուց հետո դիմել է փախուստի։

Ավտոմեքենայի վրա է հայտնաբերվել է կրակոցներից առաջացած 12 հետք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.