Այսօր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություն տարածեց, որ ժամը 13։00-ի սահմաններում, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին:
Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
ArmLur.am-ը զրուցեց Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետի տեղակալ Դավիթ Անդրեասյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Իր անասունները պահելուց է եղել, թուրքերը եկել, վերցրել տարել են: Հիմա համապատասխան մարմինները զբաղվում են, չգիտենք ինչ կլինի: Դիմել ենք ռուսներին, սպասում ենք»:
Մեր զրուցակցի խոսքով՝ գերեւարված Ս.Ս.-ն ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու տղա, մի աղջիկ: