Մի՛ կրակեք, երեխաներ են զոհվում․․․Ո՛ չ ասենք բոլոր պատերազմներին․․․

parstoday.com-ը գրում է. Երեխաներն ամբողջ աշխարհում տուժում են պատերազմից: Եվ սա դառը իրականություն է: Նրանք տուժում են ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես: Նրանց իրավունքներն ակնհայտորեն ոտնահարվում են:

Պատերազմում նրանք ենթարկվում են բռնության ու սպանվում: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են հարձակումներ իրականացվում դպրոցների ու հիվանդանոցների վրա:

Պատերազմական գոտիներում երեխաները զրկված են նաև մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: 1989թ հաստատվեց Երեխաների իրավունքների կոնվենցիան: Կոնվենցիան երկու կետերով խստորեն արգելում է  մինչև 18 տարեկան երեխաների ներառումը պատերազմներում կամ քաղաքական հակամարտություններում: 2 տարի առաջ, Գրաչա Մաչելի զեկույցն իր վրա գրավեց համաշխարհային ուշադրությունը: Զեկույցում ներկայացվում է, թե ինչպիսի վիճակում են երեխաները հայտնվում պատերազմների ժամանակ:

Նույն ժամանակ հաստատվեց ՄԱԿ-ի ԳԱ թիվ 51/77 բանաձևը: Բանաձևում ՄԱԿ-ի բոլոր անդամներին կոչ է արվում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաներին ու թույլ չտալ, որ նրանք պատերազմի մասնակից դառնան: Կոնվենցիան, պաշտպանելով երեխաների իրավունքները, նաև ընտրում է  երեխաների հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին: Ամեն տարի համաշխարհային հանրությունն ականատես է, թե ինչպես են տուժում հազարավոր երեխաներ:

Կարելի է ասել, որ եթե մի քանի տարի առաջ միայն Իսրայելն էր հռչակված որպես մանկասպան ռեժիմ, այսօր Սաուդյան Արաբիան, իր որոշ արևմտյան ու արաբական դաշնակիցների հետ միասին նույնպես մեղադրվում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Երեխաները բռնության են ենթարկվում նաև թաքֆիրական խմբերի և ԻԼԻՊ-ի կողմից: Միջազգային օրենքները չեն կարող միանշանակ պաշտպանել երեխաների իրավունքները:

Ուստի այստեղ շատ է կարևորվում պաշտոնյաների ու այն մարդկանց գործունեությունը, ովքեր պաշտպանում են երեխաների իրավունքները: Այսօր ամբողջ աշխարհում պատերազմական գոտիներում  օգնության կարիք ունի ավելի քան 250 միլիոն երեխա: 87 երկրների երեխաներին սպառնում է  արկերի գոյությունը, որոնց թիվը հասնում է 60 միլիոնի: Ամեն տարի արկերի պայթյունից տուժում է մոտ 10 հազար երեխա: Իսկ ավելի քան 300 հազար աղջիկ երեխա ծառայում է որպես զինվոր և ենթարկվում սեռական բռնության:

Աշխարհում գոյություն ունի մոտավորապես 50 միլիոն անօթևան, որոնց կեսը երեխաներ են: 22 միլիոն անօթևաններից 10 միլիոնը,  որոնք գտնվում են ՄԱԿ-ի Գերագույն հանձնաժողովի հսկողության տակ, ունեն 18-ից ցածր տարիք: Եվրոպայում ավելի քան 100 հազար երեխա դարձել է ծնողազուրկ: Իսկ ԱՄՆ-ում ու Եվրոպայում ամեն տարի այդ թվին ավելանում է  ևս 20 հազարը: 4 միլիոն երեխա մահացել է ՄԻԱՎ-ից, և 13 միլիոնը որբ են մնացել: Հատկապես այն երկրներում, որտեղ գոյություն ունեն քաղաքական հակամարտություններ, ՄԻԱՎ-ը երեխաների մահվան առաջին պատճառներից է:

Շատ երեխաներ այսօր դաս սովորելու փոխարեն վարժանքներ են ստանում ահաբեկչական խմբերում և ֆուտբոլի գնդակի փոխարեն խաղում են մարդկանց գլուխներով: Նրանցից շատերն ընտանիքից զրկվելով,  մտնում են այս խմբերի մեջ ու դառնում մարդասպաններ: Շատ երեխաներ ենթարկվում են սեռական բռնության, ստիպողաբար աշխատում են, դառնում մարմնավաճառներ կամ թրաֆիկինգի զոհ: Իհարկե ՄԱԿ-ից պետք  է ունենալ ավելի մեծ սպասելիքներ: Սակայն այսօր այս կառույցը քաղաքականացված է:

Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայի անունը ջնջվում է մանկասպան վարչակարգերի ցուցակից` իր նավթային դոլարների պատճառով: Դա կարելի է համարել աններելի քայլ` այս միջազգային կազմակերպության կողմից: Երեխաների միջև չկա ոչ մի տարբերություն, անկախ նրանից, նրանք ապրում են Եմենում, Սիրիայում, Աֆրիկայում, Իրաքում, Պաղեստինում, Աֆղանստանում,  թե` եվրոպական զարգացած երկրներում: Երեխաների նկատմամբ իրականացվող յուրաքանչյուր հանցագործություն պետք է դատապարտվի: Քանի որ աշխարհը պատկանում է բոլորին  և նրա խաղաղությունն ու անվտանգությունը կախված են հենց այդ երեխաների ապագայից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.