Տարածաշրջանի երկրների կտրվածքով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ցուցանիշը 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում առանձնանում է բացասական արդյունավետությամբ:
Հիշեցնենք, որ 10 խաղում վաստակելով 7 միավոր՝ Հայաստանի հավաքականը ընտրական E խմբում զբաղեցրել է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Հարևան երկրներից ամենաբարձր արդյունքը գրանցել է Թուրքիայի ազգային թիմը, որը I ենթախմբում 15 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Մինչև նախավերջին տուրը թուրքերն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեին, սակայն
վճռորոշ մրցավեճում սեփական հարկի տակ 3:0 հաշվով զիջեցին Իսլանդիային: Վերջինը դարձավ ենթախմբի հաղթող, իսկ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Խորվաթիան պայքարը կշարունակի փլեյ-օֆում: Թուրքիայում ազգային հավաքականի այս արդյունքը որակվել է ձախողում: Դե բնական է, ունենալով բավական ուժեղ կազմ և ներուժ՝ շատերը Թուրքիայի ընտրանուն ժամանակից շուտ տեսնում էին եզրափակիչ փուլում:
Տարածաշրջանի երկրներից պատմական հաջողություն է գրանցել Ադրբեջանի ազգային հավաքականը, որը C ենթախմբում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Ադրբեջանցիներին առաջին անգամ հաջողվել է վաստակել 10 միավոր: Բաքվում այս արդյունքը համարում են ազգային հավաքականի վերելքի ֆունդամենտ: Ադրբեջանցիները այս փուլում Բաքվում 1:0
հաշվով հաղթել են Նորվեգիային և հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0:0 են խաղացել Չեխիայի հետ: 3-րդ տուրից հետո ադրբեջանցիները մրցաշարային աղյուսակի վերին հատվածում էին: Տեղական լրատվամիջոցները շտապում էին կարծքիք հայտնել, որ Ադրբեջանը լուրջ հայտ է ներկայացրել 1-2-րդ հորիզոնականների համար պայքարելու: Մնացած 7 հանդիպումներում խորվաթ մասնագետ Ռոբերտ Պրոսինեչկիի սաներին հաջողվեց վաստակել ընդամենը 3 միավոր Սան Մարինոյի հետ Բաքվում կայացած մրցավեճում: Այս խմբում հաղթող է ճանաչվել Գերմանիայի ազգային թիմը, իսկ Հյուսիսային Իռլանդիան դուրս է եկել փլեյ-օֆ:
Մեր հարևաններից անհաջող պետք է որակել Վրաստանի հավաքականի ելույթը: Ընտրական D խմբում վրացիները 5 միավորով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականն են զբաղեցրել: 10 խաղերում չտանելով ոչ մի հաղթանակ՝ վրացիները 5 անգամ ոչ-ոքի են խաղացել:
Մասնավորապես, վրացիները միավոր են վաստակել երկու անգամ Մոլդովայի, ինչպես նաև Ուելսի, Իռլանդիայի և Ավստրիայի հետ մրցավեճերում:
Նշենք, սակայն, որ խփած և բաց թողած գնդակների ցուցանիշով վրացիները Հայաստանի և Ադրբեջանի համեմատ բավական հաջող արդյունք են ցույց տվել: 10 խաղում Վրաստանը խփել է 8 և բաց թողել 14 գնդակ: Ադրբեջանցիները, խփելով 10 գոլ, բաց են թողել 19-ը, իսկ մեր հավաքականը, 10 խաղում խփելով 10, սեփական դարպասն ընդունել է 26 գնդակ, ինչը, կարծում ենք, խայտառակ արդյունք է: 10 հանդիպումներից 4-ում Հայաստանը խոշոր հաշվով պարտություն է կրել՝ 5:0 հաշվով զիջելով Ռումինիային, 4:1 հաշվով՝ Դանիային և Մոնտենեգրոյին և 6:1 հաշվով՝ Լեհաստանին:
Ադրբեջանցիները խոշոր հաշվով պարտվել են 3 անգամ՝ 4:1 և 5:1 հաշվով զիջելով աշխարհի հնգակի չեմպիոն Գերմանիային, 4:0 հաշվով էլ՝ Հյուսիսային Իռլանդիային: Վրաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտություն ընդհանրապես չի կրել: Ավելին, մեր
հարևանները 2 գնդակի տարբերությամբ պարտվել են ընդամենը մեկ անգամ՝ Թբիլիսիում 1:3 հաշվով զիջելով Սերբիային: Մյուս 4 դեպքերում Վրաստանը պարտվել է մեկ գնդակի տարբերությամբ:
Բաց թողած գնդակի ցուցանիշով Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցող 54-րդ հավաքականների շարքում այս պահին Ղազախստանի հետ կիսում է 49-50-րդ հորիզոնականները: Ավելի ստույգ, այսպես ասած՝ «գոլ ուտելու» հաշվարկում Հայաստանը 4-րդն է Եվրոպայում: Ավելի շատ գոլ ընդունել են Սան Մարինոյի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականները: Գաճաճ համարվող մի քանի հավաքականներ այս ցուցանիշով արդեն իսկ գերազանցել են Հայաստանին: Թվերն ավելի քան խոսուն են:
2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը B ենթախմբում զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ վաստակելով 17 միավոր: 10 խաղում մեր հավաքականը խփել էր 22 գոլ, ինչը լավագույն ցուցանիշն էր ենթախմբում: Ավելին, խփած գոլերի քանակով Հայաստանը Եվրոպայում ցույց էր տվել 5-րդ արդյունքը՝ զիջելով միայն Իսպանիային, Հոլանդիային, Շվեդիային և Գերմանիային:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am