Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքներում 62 շիրակցիների գերեվարման գործով որպես մեղադրյալ ներգրավված փոխգնդապետ Արսեն Ղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում մանրամասներ հայտնեց, թե ինչպես են ադրբեջանցիները գրավել այդ երկու գյուղերն ու գերեվարել զինծառայողներին։ Նշենք, որ Արսեն Ղազարյանը 62 գերվարվածներից 60-ի հրամանատարն էր։
«Մեղադրանքի հետ ես ինքս համաձայն չեմ, դրանք ինձ համար նույնիսկ ծիծաղելի են։ Բոլորն ինձ ճանաչում են, գիտեն, որ ես այն ճանապարհ անցած սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- ասաց նա։
Ըստ Ղազարյանի՝ հրադադարից հետո՝ դեկտեմբերի 9-ից սկսած տվյալ տարածքում հակառակորդը մեծաքանակ ստորաբաժանումներով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ ինքը վերադաս հրամանատարությանը բջջային կապով տեղեկացրել է, քանի որ ռադիոկապ չի գործել։
«Դեկտեմբերի 11-ին տեղեկություն ստացանք, որ մեր ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունենք վիրավորներ։ Փորձել ենք մի կերպ տվյալ անձնակազմին տարածքից տարհանել, վիրավորներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Քանի որ տվյալ տեղանքը գտնվել է ծովի մակարդակից 3700 և ավելի մետր բարձրության վրա, անանցանելի էր, մեքենաներ չէին կարողանում բարձրանալ, այդ ամենը կատարել ենք ոտքով։ Փորձել ենք տարածքից ձիեր հայտնաբերել և օգտագործել թե սնունդի մատակարարման, թե տեղանքում տեղաշարժվելու համար։
Դեկտեմբերի 11-ի բացահայտ հարձակումից հետո ձախ թևի անձնակազմը տվյալ տարածք ժամանած ռուս խաղաղապահների և մեր ստորաբաժանման վերադաս հրամանատարության կողմից Հին Թաղերի տարածքից տարհանվել է։ Եվ Խծաբերդ գյուղի միջից ենք տարհանվել, որտեղ գտնվել եմ ես։ Տարհանվելուց հետո տվյալ անձնակազմով ուժեղացրել ենք մեր մյուս մարտական դիրքը, որն իր աշխարհագրական դիրքով նաև հանդիսացել է մատակարարման կետ։ Ինքը որպես մարտ վարելու համար անբարենպաստ հատված էր։ Իհարկե, այս ամբողջ իրավիճակի վերաբերյալ ես վերադաս հրամանատարությանը փորձել եմ ինչ-որ միջոցներով տեղեկացնել, խնիդիրներ առաջադրել, ինչպես վարվել, քանի որ վերադասի կողմից մեզ եղել է զուտ հրահանգ, որ պատերազմի ավարտից հետո հրադադար է, իրավունք չկա կրակոցներ արձակելու ու հակառակորդի հետ մարտի բռնվելու։ Դրա համար մենք ինքներս փորձել ենք առաջինը չբռնվենք մարտի։ Դեկտեմբերի 13-ին տվյալ հատվածի վրա տեղի ունեցավ բացահայտ հարձակում։ Իհարկե, հարձակումից առաջ հակառակորդի ստորաբաժանման ղեկավարը փորձեց բանակցություններ վարել, պահանջեց հանձնել զենքերը և տարածքը լքել։ Ես այդ պահանջը չեմ կատարել, հրաժարվել եմ։ Կատարվածի վերաբերյալ նորից վերադաս հրամանատարությանը տեղեկացրել ենք, իրենք մեզ հրահանգել են հանգիստ մնալ՝ հակառակորդը չի հարձակվելու ձեր վրա, պայմանավորվածություն կա, բանակցություններ են վարվում։ Եվ տվյալ տեղամաս ռուս խաղաղապահներ չեն ներգրավվել։ Հակառակորդը պահանջել է 20 րոպեում մարտական դիրքերը լքել, բայց մենք չենք կատարել պահանջը։ Չանցած 20 րոպե՝ բացահայտ հարձակում էր։ Մինչ այդ փորձել եմ ինքս հետախուզություն վարել հակառակորդի տեղի, դիրքի, ստորաբաժանումների կազմի, քանակի վերաբերյալ ինֆորմացիա եմ հավաքել։ Վերադասից այդպիսի ինֆրոմացիա չի տրամադրվել, մարտական հերթապահության մեկնելուց առաջ մեզ խնդիրներ չեն առաջադրվել, համապատասխան միջոցներ չեն հատկացվել»,- ասաց նա։
Արսեն Ղազարյանը հավելեց, որ դեկտեմբերի 13-ի հարձակման հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրավորներ, զինամթերքն ավարտվել է, այլևս հնարավոր չի եղել այդ տարածքը պահել։ Հակառակորդի ուժերը 10-15 անգամ գերազանցել են տեղանքում գտնվող հայկական ուժերին։
«Փորձել ենք կատարել մարտավարական հնարք, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել և վերադաս հրամանատարության հետ կապեր հաստատել ու փորձել օգնություն խնդրել, մարտ վարելու միջոցներ խնդրել, որպեսզի մեր տարածքը չհանձնենք, ոչ մի օգնություն չի եղել, մնացել ենք մենակ։ Գործել է միայն բջջային կապ, այն էլ հատուկ վայրերում։ Իսկ հարձակման պահին կապն անջատված է եղել։ «Անձնակազմի մարտավարական նահանջի հնարքը կատարելուց հետո արդեն բջջային կապով կարողացել եմ վերադաս հրամանատարության հետ խոսել, ներկայացնել իրավիճակը, վիրավորներին տարհանել»,- ասաց նա։
Գերեվարված 62 զինծառայողները, նրա խոսքով, եղել են մի քանի կմ հեռավորության վրա, բջջային կապ չի եղել։ Այդ պայմաններում հրամանատարը ոչինչ չէր կարող անել, որպեսզի նրանք չգերեվարվեին, քանի որ վերադաս հրամանատարությունն այնպես է վերաբաշխել այդ ստորաբաժանումները, որ կապի բացակայության պայմաններում մարտական առաջադրանքի կատարումը դարձել է անհնարին։ Արսեն Ղազարյանն ասաց, որ այս գործով մեղավորների անուններ չի ուզում հրապարակել, բայց մեղավորներ կան։ Մեղավոր են նրանք, ովքեր հրամաններ են ստորագրել, որ այդ ստորաբաժանումներն այդ տեղանքում տեղաբաշխվեին։ «Իսկ ես եղել եմ սպաներից ամենացածր օղակը, ով անձնակազմի հետ այդ ճանապարհը քայլել է»,- հավելեց նա։
Ղազարյանը հավելեց, որ հայ զինծառայողների գերեվարման հանգամանքները, հակառակորդին զենք հանձնելը իր համար էլ են անհայտ։ Արսեն Ղազարյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանն էլ հավելեց․ «Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը և այստեղ է, որ պետք է վարույթն իրականացնող մարմինը կատարի որոշակի գործողություններ՝ պարզելու, թե ինչպե՞ս պատահականորեն բջջային կապն անջատվեց ադրբեջանական զորքերի հարձակման օրը, և հնարավորություն չեղավ պատշաճ պաշտպանություն իրականացնել։ Արսեն Ղազրայանը կոնկրետ պատասխանատու է եղել Խծաբերդ գյուղի համար, բայց հիմա մեղադրվում է Խծաբերդ ու Հին Թաղերի գյուղերի հանձնման մեջ»։