Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը դիմեց շտապ օգնության...

2017 թվականին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից բացի, ձախողվեցին նաև մեր պատանեկան հավաքականները: Նոյեմբերին մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակեց ընդամենը երկու միավոր: Արտակ Օսեյանի գլխավորած հավաքականն առաջին տուրում 5:0 հաշվով զիջել էր Չեխիային, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի՝ 3:3 խաղացել Շոտլանդիայի հետ: Վերջին տուրում էլ մեր ֆուտբոլիստները ոչ-ոքի՝ 2:2 էին խաղացել Լյուքսեմբուրգի հետ՝ ենթախմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

19 տարեկան հավաքականը համարվում էր մարտունակ, և հույսեր կային, որ Լյուքսեմբուրգում կկարողանանք պայքարել Էլիտ ռաունդի ուղեգրի համար: 19

տարեկանների հավաքականի կորիզը կազմում են «Ավան-Ակադեմիայի» ֆուտբոլիստները: Վերջիններս՝ Օսեյանի գլխավորությամբ, մասնակցում են Հայաստանի առաջին խմբի առաջնությանը և ըստ էության խաղացվածության խնդիր չունեն:

Այս տարվա հոկտեմբերին խայտառակ արդյունքով աչքի ընկավ մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի հավաքականը: Չեխիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մերոնք 7:0 հաշվով զիջել էին Չեխիային, 4:0 հաշվով՝ Թուրքիային և 3:0 հաշվով՝ Իսրայելին: Երեք հանդիպումներում բաց թողնելով 14 գոլ՝ Հայաստանը ենթախմբում զբաղեցրել էր վերջին՝ 4-րդ հորիզոնականը: Այս տարվա մարտին 17 տարեկանների Հայաստանի հավաքականը Անթալիայում մասնակցել էր մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության Էլիտ ռաունդին՝ գրանցելով էլ ավելի խայտառակ արդյունք: Մեր ֆուտբոլիստները՝ Օսեյանի գլխավորությամբ, 6:0 հաշվով զիջել էին

Թուրքիային, 5:0 հաշվով՝ Ֆինլանդիային և 10:1 հաշվով՝ Գերմանիային: Երեք խաղում մեր հավաքականն ընդունել էր 21 գնդակ՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այս տարվա հունվարին էլ Մինսկում տեղի ունեցած «Զարգացման գավաթ» մրցաշարում 5 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով՝ Հայաստանի հավաքականն ընդունել էր 19 գնդակ:

Եթե հաշվի առնենք, որ 17 և 19 տարեկանների հավաքականները հայկական ֆուտբոլի ապագան են, ապա նման ապագայի հեռանկարն ուղղակի սարսափելի է թվում: Նման արդյունքները առաջին հերթին խոսում են համակարգային խնդիրների մասին: Մասնավորապես, մեր երկրում ուղղակի չկան մասնագետներ, որոնք կարող են պատրաստել նորմալ ֆուտբոլիստների: Գոյություն ունեն տարրական ֆուտբոլային կանոններ, որոնք հաճախ մեր հավաքականների հանդիպումներում չեն նկատվում: 19 տարեկանում

ֆուտբոլիստն 80 տոկոսով պետք է ձևավորված լինի: 18-19 տարեկան շատ ֆուտբոլիստներ հաջողությամբ ելույթ են ունենում ազգային և երիտասարդական հավաքականներում: Այսօր ունենք միայն մեկ ֆուտբոլիստ, որը ելույթ է ունենում Սլովակիայի «Ժիլինայի» երկրորդ թիմում և դեռ պատրաստ չէ օգնել մեր ազգային թիմին: Խոսքը Վահան Բիչախչյանի մասին է, որը ցայտուն կերպով աչքի է ընկնում 19 տարեկանների հավաքականի դժգույն ֆոնի վրա:

Գիտակցելով իրավիճակի լրջությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նախօրեին Հայաստան էր հրավիրել արգենտինացի մասնագետների խումբ: ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի հետ արգենտինացի մարզիչները քննարկել են մեր ֆուտբոլի առկա խնդիրները, կազմել ապագա ծրագրերը: Վարդան Մինասյանը և արգենտինացի մարզիչ Ֆերնանդո Արիել Բատիստան ներկայացրել են կատարված աշխատանքը:

«Քննարկումների արդյունքում արդեն որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Իրենք կոորդինացնելու են մեր մանկապատանեկան հավաքականների աշխատանքը, հիմնականում էլ աշխատելու են մեր մինչև 19 և 17 տարեկանների հավաքականների հետ:

Ինչպես գիտեք, 2019 թվականին Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչը կայանալու է Հայաստանում, մեր հավաքականը մասնակցելու է այդ մրցաշարին, և արգենտինացի մասնագետների աշխատանքը հիմնականում այդ թիմի հետ է կապված լինելու, ինչպես նաև 17 տարեկանների հավաքականի հետ՝ որպես առաջնային ռեզերվ»,- նշել էր Մինասյանը:

Հայրապետյանի այս քայլն ըստ էության շտապ օգնություն է հայկական ֆուտբոլի համար: Նշենք, որ հրավիրված մասնագետները ճանաչված են և լուրջ արդյունքներ են ցույց տվել: Արտերկրից բարձրակարգ մասնագետներով համալրվելն առկա ծանր իրավիճակում կարելի է ֆունդամենտալ քայլ որակել: Եվս մեկ-երկու տարի հին սկզբունքով աշխատելու դեպքում

հետևանքները կարող էին անդառնալի լինել: Եթե չունենք նորմալ մասնագետներ, ապա դրսից մարզիչներ հրավիրելն ուղղակի այլընտրանք է: Բարձրակարգ մասնագետների ներկայությունը բնականաբար կօգնի նաև տեղացի մարզիչներին:

Պետք է հուսալ, որ 2018 թվականը կլինի մեր պատանեկան հավաքականների վերակենդանացման տարի, իսկ 2019 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում կտեսնենք կատարված քայլերի առաջին պտուղները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am