Տեր-Պետրոսյանն ասաց ճշմարտությունը.Հենրիկ Մխիթարյանի ճակատագիրը...

«Ելույթս գուցե դառը ստացվեց, բայց իմ նպատակը ոչ թե մարդկանց վհատեցնելն էր, այլ, ընդհակառակը, ազգին ներկայիս հեղձուկ իրավիճակից հուսադրիչ ու արժանապատիվ ելք ցույց տալը՝ ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է», 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀԱԿ համագումարի իր ելույթում հայտարարեց կուսակցության առաջնորդ, Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա կարծես աչքով տվեց, համագումարից մեկ տարի անց Հենրիկ Մխիթարյանը ազգի ուրախությունից վերածվեց ազգի հոգսի, մտահոգության, իսկ ազգի ուրախությունը ներկայում Մանչեսթեր Յունայթեդի պարտություններն են, Ժոզե Մոուրինյոի «ինադու», քանի որ նա չի խաղացնում Հենրիկ Մխիթարյանին:

Մանչեսթեր Սիթիի հետ Յունայթեդի անհաջող խաղից ու պարտությունից հետո բրիտանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Մխիթարյանը ցանկանում է Ժոզեի հետ խոսել իր հետագա ճակատագրի մասին: Որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ասելը դժվար է: Բայց հեշտ է Մխիթարյանի անհաջող խաղն ու կարիերայի ներկայիս անկումային փուլը կապել Ժոզե Մոուրինյոի հետ, դարձնելով նրան «քավության նոխազ»:

Մոուրինյոն իհարկե «դիտարժան» մարզիչ չէ, բայց աներկբա է, որ նրա ձեռքի տակով անցել են Հենրիկ Մխիթարյանից ավելի տաղանդավոր, տեխնիկապես, ֆիզիկապես, տակտիկապես պատրաստված ու գրագետ ֆուտբոլիստներ, որոնց խաղը ամենեւին չի խամրել, եւ որոնք նույնիսկ «բացվել» են նրա հետ աշխատանքի ընթացքում:

Օրինակ արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոն, որը փայլուն շրջան անցկացրեց իտալական Ինտերում, որը գլխավորում էր Մոուրինյոն: Միլիտոն դարձավ նաեւ Ինտերի համար հաղթական ՉԼ եզրափակչի հերոսը, երկու գոլ խփելով Բավարիային:

Իհարկե դժվար է ասել, Հենրիկն էլ « ամբողջ ազգի» նման մեղադրու՞մ է Մոուրինյոյին, թե՞ ավելի ռացիոնալ է նայում իրավիճակին եւ փորձում պայքարել լեգենդում տեղ նվաճելու եւ այն պահելու համար: Անհաջողության համար հարակից մեղավորներ փնտրելն անկասկած «ազգային» հատկանիշ է՝ փնտրել մեղավորի ամենուրեք, միայն թե անհաջողության կամ անարդյունավետության պատճառ չփնտրել սեփական տարածքում, ինքդ քո մեջ, քո ներսում: Հետո ապրել «մեղավորի» անհաջողությամբ մխիթարվելով, հովանալով, դա էլ «ազգային» հատկանիշ է:

Աչքո՞վ տվեց Տեր-Պետրոսյանը Մխիթարյանին, թե ոչ, կախված է ամեն մարդու սնահավատությունից, բայց Տեր-Պետրոսյանն իր հիշատակության տողատակում շոշափեց կարեւոր խնդիրը՝ «ուրախությունը» Հենոյի մեջ գտնելով համազգային անարդյունավետությունից «թաքնվելը», Հենոյի ձեռքբերումներն «ազգովի շահագործելը»:

Իհարկե ոչ միայն Հենոյի, այլ թերեւս բոլոր հայտնի հայերի, որոնք ունեն համաշխարհային հռչակ: Նրան, տեսականում իհարկե կարող էին լինել խթան, օրինակ, նպատակ, երազանք: Բայց գործնականում նրանք դառնում են ազգային սնապարծության խթան կամ գեներատոր, ընդ որում՝ ակամա: Որովհետեւ հանրային նախաձեռնողականության խթանների համակարգը չունի արմատ, արժեհամակարգային հիմք:

Այդ դեպքում, համազգային ուրախությունից մինչեւ համազգային դարդ մեկ քայլ է, որը Հենրիկի դեպքում, օրինակ, տեղի է ունենում:

Լավ կլինի իհարկե, եթե Մխիթարյանն ինքը չառնչվի թե այդ ուրախությանը, թե դարդին, մնալով զուտ ֆուտբոլային խնդիրների շրջանակում եւ ձգտելով աշխատել: Կարիերայի անհաջող փուլեր ունեցել են հռչակավոր շատ ֆուտբոլիստներ:

Պարզապես այլ ազգեր, ժողովուրդներ, հասարակություններ ունեցել են տարատեսակ շատ ձեռքբերումներ եւ չեն մնացել «հայտնիների» հույսին, այդպիսով նաեւ ինչ որ իմաստով հանգիստ թողնելով նրանց:

Այլապես բացառված չէ նույնիսկ, որ «ազգը» գիշեր-ցերեկ Հենրիկի ճակատագրի մասին է մտածում, իսկ Հենրիկն էլ մտածում է «ազգի» մասին, որ չի ստացվում ուրախացնել:

Ընդ որում, շատերը ելքը տեսնում են Հենրիկին ոգեշնչելու մեջ, թե պետք չէ վհատվել՝ դեռ կկարողանաս եւ շատ կուրախացնես «ազգին»: Բայց ելքը գուցե այն է, որ նրան պետք է պարզապես ասել ճշմարտությունը, որ ինքն «ազգի» ուրախությունը չէ իրականում, այլ «ազգի» սնանկությունը: Հենրիկը խելացի տղա է, այդ դեպքում կգտնի ելքը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am