2016 թ․ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի ղեկավարությունը տեղեկություններ է ունենում, որ ադրբեջանական բանակը ուժեր է կենտրոնացրել առաջնագծում: Ժամը 01:15-ի սահմաններում Արցախի նախագահն իր աշխատասենյակում իրավիճակը քննարկում է ՊԲ հրամանատարի, Արցախի անվտանգության ծառայության և ոստիկանության պետերի հետ: Արցախի ղեկավարությունը կարծել է, որ դրանք ադրբեջանական կողմի հերթական լոկալ գործողություններ են, և գործողությունները կազմակերպել է դրան համապատասխան: Ավելի ուշ ՊԲ հրամանատարը մեկնել է իր աշխատավայր և սկսել է վերստուգումներ անել: Հակառակորդը գործողությունները սկսել է գիշերը ժամը 03:00-ին:
«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում»,- հայտնել էր ՊՆ-ն։
Ապրիլի 3-4-ին մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանական կողմին հաջողվում է որոշակի առաջխաղացում ունենալ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանն ասում է․
«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները և խստորեն պահպանվի 1994թ. զինադադարի ռեժիմը և որ բոլոր զորամիավորումները վերադառնան մինչև 2016թ. ապրիլի 1-ի իրենց զբաղեցրած դիրքերն ու զորանոցները:
… Հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն ազատագրել, այս պահին ողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»:
Ապրիլի 3-4-ին ադրբեջանական ուժերն ակտիվ վերադասավորումներ են կատարում Արցախի կենտրոնական՝ Ակնայի (Աղդամ) ուղղության վրա, և վերջնական արդյունքում այստեղ են կենտրոնացնում հրետանային ու համազորային մեծ ուժեր, տանկային գումարտակ և այլ միջոցներ: Ենթադրվում է, որ Պաշտպանության բանակի թևերին հարվածներից հետո կենտրոնական ուղղությամբ այս կուտակումից հետո սկսվելու էր Ադրբեջանի բանակի հիմնական հարձակումը:
Ապրիլի 4-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի ուժերը հրանոթներով ու համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով համազարկային կրակ են սկսում հակառակորդի կենտրոնացած ուժերի ուղղությամբ: Ոչնչացվում է նաև հակառակորդի հրետանային բրիգադի հրամանատարական կետը: Հայկական կողմի կրակի արդյունքում հակառակորդի մեծաթիվ ուժերը կորցնում են մարտունակությունը:
Ավելի ուշ Ադրբեջանը սպառնում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր․ ՊԲ մամուլի ծառայությունը պատասխանում է․ «Նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:
Թշնամին հարվածներ էր հասցրել նաև խաղաղ բնակչությանը։ Ապրիլի 2-ի առավոտյան, դպրոցի ճանապարհին հրթիռակոծության հետեւանքով 12-ամյա Վաղինակ Գրիգորյանն ու եղբայրը՝ Գեւորգ Գրիգորյանը, բազմաթիվ բեկորային վնասվածքներ էին ստացել, ինչի հետևանքով Վաղինակը սպանվեց, եղբայրն ու էլի մեկ երեխա հայտնվեցին հիվանդանոցում: Օրվա ընթացքում ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխվեց ևս 4 անձ՝ մարմնի տարբեր շրջաններում ստացած հրազենային վիրավորումներով:
Ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական կողմը կորցրել է 800 հեկտար տարածք։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 110, վիրավորվել՝ 121 զինծառայող, կամավորական ու խաղաղ բնակիչ։
Ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց: