Եվրոպական ֆուտբոլում ձմռան ամիսների գլխավոր իրադարձությունը տրանսֆերային պատուհանն է, որի ընթացքում հազարավոր խաղացողներ մի թիմից մեկ այլ թիմ են տեղափոխվում: Եթե տարիներ առաջ հայկական թիմերից բազմաթիվ խաղացողներ հայտնվում էին անհամեմատ ավելի ուժեղ թիմերում, ապա այսօր հայաստանցի ֆուտբոլիստների պահանջարկ, կարելի է ասել, Եվրոպայում չկա: Վերջին մեկ տարվա ամենահաջողված տրանսֆերը կարելի է համարել Գյումրիի «Շիրակի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տեղափոխությունը Սլովակիայի չեմպիոն «Ժիլինա»:
Ցավալի է, բայց այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերում չեն նշմարվում անհատականություններ, որոնք կարող են խաղալ բարձրակարգ ակումբներում: Կարելի է առանձնացել թերևս «Փյունիկի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին, որը, նորամուտը նշելով Հայաստանի ազգային հավաքականում, Բելառուսի հետ ընկերական մրցավեճում աչքի ընկավ նաև տպավորիչ գոլով:
Անցյալ տարի բարձրակարգ ակումբներում հանդես գալու հավակնություններ ուներ նաև «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Քարտաշյանը: Վերջինս շարունակում է մնալ մեր ամենահեռանկարային պաշտպաններից մեկը, սակայն նախորդ տարվա համեմատ
Քարտաշյանի վերելքն այնքան էլ նկատելի չէ: Այսօր երիտասարդ ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել նաև «Արարատի» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին:
Վերջին շրջանում մեր առաջնությունում տեղի է ունենում ոչ այնքան դրական մի երևույթ: Արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները ստիպված են վերադառնալ Հայաստան: Մասնավորապես, ամռանը «Ալաշկերտի» հետ պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, որը հանդես էր գալիս հոլանդական «Տելսթար» թիմում: «Ալաշկերտ» տեղափոխվեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, որը ելույթ էր ունենում շվեյցարական «Լե Մոն» թիմում: Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լևոն Հայրապետյանն էլ
Իրանի «Փայքանից» տեղափոխվեց Երևանի «Փյունիկ»: Երեկ պայմանագիրն ավարտվելու պատճառով բելառուսական «Տորպեդո-ԲելԱզ»-ից հեռացել է Կամո Հովհաննիսյանը. չի բացառվում, որ այս ֆուտբոլիստը ևս վերադառնա Հայաստան:
Վերջին ամիսներին զգալի նվազել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող լեգեոներների տրանսֆերային արժեքը: Տրանսֆերային անցուդարձը ուսումնասիրող փորձագետներն այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատում են միջինը 30 միլիոն եվրո: Նշենք, որ ամռանը մեր հավաքականի ավագի տրանսֆերային արժեքը գնահատված էր միջինը 37 միլիոն եվրոյով:
Զգալի նվազել է նաև մեր հավաքականի և թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը ձմռանը կարող է թուրքական
այլ ակումբ տեղափոխվել ընդամենը կես միլիոն եվրոյի դիմաց: Ամիսներ առաջ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գինը 1.2 միլիոն եվրո էր:
Հայաստանի ազգային հավաքականի միակ ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը շոշափելի առաջընթաց է ապրում, Մակեդոնիայի «Վարդարում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանն է: Եթե նրա տրանսֆրային գինը ամիսներ առաջ ընդամենը 150 հազար եվրո էր, ապա հիմա նրա տրանսֆերը գնահատված է 750 հազարից մինչև մեկ միլիոն եվրո: Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Բարսեղյանի ծառայությամբ հետաքրքրված է Ղազախստանի «Աստանան»: Չի բացառվում, որ մոտ ապագայում մեր ֆուտբոլիստը տեղափոխվի հենց այս ակումբ:
Վերջին օրերին շատ է խոսվում Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքից» այլ թիմ տեղափոխվելու մասին: Մասնավորապես, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվի Ղազախստանի ակումբներից մեկը: Որոշ
տեղեկությունների համաձայն՝ Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նույն «Աստանան»: Վերջին ամիսներին Մովսիսյանի տրանսֆերային արժեքը ևս զգալի նվազել է և գնահատված է միջինը 1.5 միլիոն եվրո:
Նշենք, որ վերջին շրջանում Մովսիսյանը կորցրել է իր տեղը «Ռեալ Սոլթ-Լեյքի» կազմում: Ավելին, հայ հարձակվողը հայտարարել է, որ պատրաստ է այլ ակումբ տեղափոխվել: Հիշեցնենք, որ Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ-Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյի դիմաց: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մովսիսյանի տրանսֆերը գնահատվում է 2.5 միլիոն եվրո:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am