Քիչ Առաջ. Ներհայկական խայտառակություն... Ալիեւի ընկերուհին.

Ծառուկյան դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Aravot-ի հետ զրույցում անհասկանալի է համարել աղմուկը, որ ծագել է Հունաստանում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի քայլի շուրջ: Օրերս հայկական մամուլում հայտնվել էր նամակ Հունաստանի ՌԱԿ-ից, որի հեղինակները բողոքում էին դեսպանի քայլի դեմ: Նրանց խոսքով, դեսպանի միջամտությամբ կուսակցությունը ստիպված չեղարկել է ՌԱԿ 96-ամյակի հանդիսությանը Հունաստանի հայտնի քաղաքական գործիչներից մեկին՝ Թեոդորա Բակոյանիսին արված մասնակցության հրավերը:Բակոյանիսը Հունաստանում հայտնի քաղաքական եւ պետական գործիչ է, եղել է Աթենքի քաղաքապետ, 2006-09 թվականներին եղել է Հունաստանի արտաքին գործերի նախարար: Նա «Նոր դեմոկրատիա» հունական կուսակցության անդամ էր, այդ կուսակցության ղեկավարի քույրը: Թեոդորա կամ Դորա Բակոյանիսը Հունաստանի հայտնի քաղգործիչ Կոնստանտինոս Մացոտակիսի չորս զավակներից մեկն է: Մացոտակիսները ազդեցություն ունեն «Նոր դեմոկրատիա» կուսակցությունում:

Դորա Բակոյանիսը, որը կրում է ամուսնու ազգանունը, 2010 թվականին հեռացվել է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից, կուսակցության նախագահ Անտոնիո Սամարասի որոշմամբ, քանի որ կողմ է քվեարկել Հունաստանին ԵՄ ու ԱՄՀ ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը վավերացնելուն: Իրականում եղել է կարծիք, որ Բակոյանիսին հեռացրել են «Նոր դեմոկրատիա» կուսակցությունից, որպեսզի թուլացնեն այնտեղ Մացոտակիսների ազդեցությունը:Եվ ահա, Դորա Բակոյանիսին ուղղված ռամկավարների հրավերը փաստորեն, ըստ հայկական մամուլում հայտնված բողոք-նամակի, չեղարկվել է Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի միջամտությամբ, ով, ի դեպ, ԳԱԱ նախկին ղեկավար, Խորհրդային Հայաստանում մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի թոռն է: Բողոք-նամակի հեղինակները հայտնել էին, որ այդպիսով դեսպանը վիրավորել է Հունաստանի հայտնի գործիչներից եւ քաղաքական ուժերից մեկին, հատկապես երբ հարցումները ցույց են տալիս, որ Նոր Դեմոկրատիա կուսակցությունն առաջիկա խորհրդարանի ընտրությանը կարող է վերցնել մեծամասնությունը: Միաժամանակ, ըստ բողոքողների, այդպիսով դեսպանը նաեւ սեպ է խրել այդ ուժի եւ ռամկավարների միջեւ, իրենց դնելով անհարմար վիճակում:

Դորա Բակոյանիսը ԵԽԽՎ-ում Հունաստանի պատվիրակության ղեկավարն է: Ծառուկյան դաշինքի քարտուղար, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասում է, թե իրեն անհասկանալի է դեսպանի քայլից եկած աղմուկը, քանի որ Բակոյանիսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մերձավորն է ու Եվրոպայում ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջ մղող կարկառուն գործիչներից մեկը: Զոհրաբյանի խոսքով, Հունաստան այցելելիս Ալիեւը բանակցում է Բակոյանիսի եւ նրա ամուսնու տանը: Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ եթե ԵԽԽՎ-ում կա խավիարային դիվանագիտության աջակից եռյակ, ապա Բակոյանիսն ունի իր պատվավոր տեղը դրանում:Զոհրաբյանը զարմանում է, թե ինչ գործ ունի այդ գործիչը ռամկավարների հանդիսությանը:Իրավիճակն իսկապես հետաքրքիր է: Փաստորեն, ստացվում է, որ ռամկավարները 96-ամյակ են նշել եւ հրավիրել են մի գործչի, որը Եվրոպայում Ալիեւի առանցքային աջակիցներից ու հենարաններից մեկն է, իհարկե նաեւ բավական ազդեցիկ է Հունաստանում:

Հայաստանի դեսպանը փաստորեն հասնում է նրան, որ չեղարկում է Բակոյանիսի մասնակցությունը ռամկավարների միջոցառմանը: Ընդ որում, հետաքրքիր է այն, որ ռամկավարները փաստորեն պետական կառույց չեն, եւ թերեւս դեսպանը չունի նրանց այսպես ասած հյուրերի ցանկին առնչվելու որեւէ լիազորություն: Միեւնույն ժամանակ, զուտ այսպես ասած բարոյա-քաղաքական հողի վրա դեսպանի քայլն ունի բավական հստակ տրամաբանություն ու բացատրություն: Եվ հակառակը՝ եթե Բակոյանիսը իսկապես Ալիեւի լոբբիստական հենասյուներից է, իսկ դրա մասին կարող են վկայել նաեւ Ադրբեջանի հետ Եվրոպայի հարաբերությունը սերտացնելու մասին Բակոյանիսի մի քանի հայտարարությունները, ապա անհասկանալի է դառնում նրան հրավիրելու ռամկավարների քայլը:Բայց, դա անհասկանալի է իհարկե Հայաստանի պետական շահի տրամաբանությունից, որովհետեւ զուտ հունական ռամկավարական շահի տեսանկյունից հրավերը հասկանալի է՝ Բակոյանիսը տեղի ազդեցիկ գործիչ է, իսկ խոսքը այսպես ասած տեղի ռամկավարների մասին է: Նրանք փորձել են լուծել իրենց հարցերը: Դեսպանը փաստորեն խանգարել է:

Թե ինչ խնդիր կա դեսպանի ու ռամկավարների միջեւ, մանր ինտրիգ է: Ըստ բողոք-նամակի, հանդիսությունը հարամելու փորձ արել են նաեւ դաշնակները: Սփյուռքի հայ համայնքներում ավանդական կուսակցությունների միջեւ այդօրինակ հարաբերությունը ամենեւին նորություն չէ եւ միայն Հունաստանի համայնքին չէ, որ բնորոշ է: Այդ ամենն իրականում ուշադրության արժանի է բոլորովին այլ տեսանկյունից՝ պետություն-սփյուռք հարաբերության, քայլերի համադրելիության եւ ներդաշնակության: Ըստ այդմ, օրինակ, արդյոք դեսպան Չարչօղլյանի ջանքը թելադրված է եղել Հայաստանի ԱԳՆ-ից, թե՞ նա պարզապես փորձել է ցուցաբերել նախաձեռնողականություն: Ինչպիսի՞ն է ԱԳՆ վերաբերմունքը տեղի ունեցածին, հատկապես նկատի ունենալով այն, որ աղմկոտ ֆիգուր Բակոյանիսը 2006-09 թվականին եղել է Հունաստանի արտգործնախարար: Օրինակ 2009 թվականի հուլիսին Բակոյանիսը նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի կարգավիճակով եղել է Երեւանում, հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ, նրան ընդունել է Սերժ Սարգսյանը:Ինչ խոսք, Հայաստանը չէր կարող արհամարհել նրան, ինչ է թե Ալիեւի ընկերուհին է, լոբբիստը, բայց մյուս կողմից Բակոյանիսի այդ «կողմը» բացվել է գուցե նրա նախարարական գործունեությունից հետո:Բոլոր դեպքերում, իրավիճակն իսկապես հետաքրքիր է եւ մասնավորապես Հայաստան-սփյուռք, ոչ թե Հայաստան-Հունաստան տեսանկյունից: Ըստ այդմ պետք չէ ներհայկական, ներհամայնքային խնդիրները դարձնել հայ-հունական խնդիր, ընդամենը սեփական խնդիրները լուծելու համար:

Իրավիճակն իրականում ոչ թե հայ-հունական սկանդալի, այլ պարզապես ներհայկական խայտառակության վկայություն է, հատկապես Հայաստան-Սփյուռք համատեղ ջանքի կենացների ֆոնին: Եվ հատկապես երբ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ամբիոնից իր ելույթում փորձում է ներկայանալ համահայկական ուղերձ կրող նախագահ, ներկայացնելով դիրքորոշումները Հայաստանի համար կարեւոր հայ-թուրքական եւ արցախյան հարցերում: Ահա այդ ֆոնին առավել եւս ամոթալի է պատկերանում ներհայկական սկանդալը Հունաստանում, որի այսպես ասած հերոսները բանը դրան են հասցրել դեռ բավական չէ, դեռ փորձում են միավոր հավաքել հայ-հունական հարաբերության հաշվին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am