Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ղազախստան: Մեկնեց խաղալու այս երկրի ազգային հավաքականի հետ, որը ընտրական ենթախմբում 9 հանդիպումից հետո 2 միավոր է վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Լեհաստանի հետ հանդիպումից հետո մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ փորձելու են Ղազախստանում միավոր վաստակել, խուսափելով նշել «գնում ենք հաղթելու» արտահայտությունը: «Պարտավոր ենք վերականգնվել, որպեսզի չխայտառակվենք Ղազախստանում»,- ասում էր Պետրոսյանը:
Հայաստանի հավաքականի մարզիչն անկեղծորեն հասկացնել տվեց, որ նույնիսկ նա չի հավատում հաղթանակին: Իսկ ինչպես հասկանալ չխայտառակվել ասվածքը: Օրինակ՝ Աստանայում 2:0 հաշվով պարտությունը խայտառակությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք արդեն սովորել ենք 1:4, 0:5, 1:6 հաշիվներին և 2:0 հաշվով պարտությունը կարելի կլինի «բարոյական» հաղթանակ որակել: Ղազախները մեծ անհամբերությամբ են սպասում Հայաստանի հետ հանդիպմանը, քանզի «արյան հոտ են առել»: Վերջին խաղում ղազախները հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտվել էին Ռումինիայի հավաքականին: Ի տարբերություն մեր հավաքականի, նրանք տվյալ խաղում ցուցադրեցին միջինից ցածր մակարդակի ֆուտբոլ: Հայաստանի հավաքականի խաղը ֆուտբոլ չէր: Այն ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնորդի ստեղծած «գերմանական» ոճի մի խաղատեսակ է, որը նվաստացնում է մեր երկիրը:
«Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ Լեհաստանից 1:6 հաշվով կրած պարտությունից հետո հոգեբանորեն վատ վիճակում է գտնվում: Եվ մեր օգտին կլինի այն հանգամանքը, որ մենք տանտեր ենք: Բացառությամբ Հենրիխ Մխիթարյանի, 2 թիմերի ֆուտբոլիստներն էլ հավասար են: Դրա համար էլ հաղթանակը լրիվ իրատեսական է,- հայտարարել է ղազախ ֆուտբոլի մասնագետ Ասկար Կոժաբերգենովը: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջին խայտառակ պարտություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ կասկածում, որ մերոնք Ղազախստանին էլ են պարտվելու: Բայց կարևորը դա չէ: Միևնույն է, այս պահին դա ոչինչ չի փոխում: Կարևորը հետոն է: Իսկ հետո կրկին ոչինչ չի փոխվելու: Որովհետև, քանի Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի ղեկին է, ոչինչ չի փոխվելու»:
Փաստորեն, բոլորը սպասում են Հայաստանի ազգային հավաքականի հերթական «ֆուրորին»: Իրավիճակն այնպիսին է, որ 18 տարեկանից ցածր պատանիներին մնում է խնդրել ուղղակի չդիտել մեր հավաքականի մասնակցությամբ հանդիպումները: Այդ հանդիպումները ծանր հոգեբանական հարված կարող են հասցնել: Այդ հանդիպումները սերմանում են պարտվողի, թույլի հոգեբանությունը, որը հետագայում դժվար կլինի թոթափել: Նեմեց Ռուբոյի սեփականությունը դարձած հավաքականը դարձել է հասարկության աչքի գրողը: «Գոնե դրանց նկարները մի հրապարակեք, զզվելի է»,- ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել օգտատեր Մարիամը: «Սրանից վատ չէր կարող լինել, նման խաղը գնահատելն անհնար է: Գոլի համար ուրախանալու բան չկա»,- ասել էր Լեհաստանի հետ խաղում մեր հավաքականի կազմում միակ գոլը հեղինակած Հովհաննես Համբարձումյանը: Եվ իսկապես, սրանից վատ այլևս չի կարող լինել:
Այսօր Հայաստանի հավաքականին կարելի է համեմատել թերևս Սան Մարինոյի հետ, որը 8:0 հաշվով զիջեց Նորվեգիային: Չենք կասկածում, եթե Լեհաստանին պետք լիներ խփել ավելի շատ գնդակներ, ապա կարող էինք պարտվել նույնիսկ 1:9, կամ 1:10 հաշվով: Ինչևէ, վաղը կավարտվի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը: Անկախ Ղազախստան-Հայաստան հանդիպման արդյունքից, վաղը թերթելու ենք հայկական ֆուտբոլի հերթական խայտառակ, ամոթալի էջը: Ու հիմա ժամանակն է հասկանալու, ուր ենք մենք գնում, ում հետ ենք գնում, և արդյոք արժե գնալ: Եթե ոմանք մազոխիստական հակումներ ունեն, դա չի նշանակում, որ մի ամբողջ հասարակության պետք է անցկացնել այդ մսաղացի միջով: Սթափվել է պետք:
Սոցիալապես անապահով հասարակության համար ֆուտբոլը լույս է, որը համախմբելու և առօրյա հոգսերից կտրվելու հատկություն ունի: Լեհաստանի հետ հանդիպմանը երկրպագուները կրկին վանկարկում էին «ֆուտբոլ ենք ուզում»: Բոլորս ենք ուզում: Ուզելու հետ մեկտեղ, պետք է պահանջենք: Պետք է պահանջենք, ոչ թե այն տղաներից, ովքեր այսօր կրում են Հայաստանի ազգային հավաքականի շապիկը, այլ այդ շապիկը նրանց հագցնողներից, գուցե հագցնողից: Իսկ տղաներին մնում է միայն հաջողություն մաղթել առաջիկա խաղում:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am