Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ընկերական մրցավեճում խոշոր 4:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ: Իհարկե, միայն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին է հայտնի, թե աշխարհի առաջնության ընտրական ցիկլը «փառավորապես» տապալած հավաքականի ինչին էր պետք ընկերական այս հանդիպումը:
Դժվար չէ կռահել, որ Հայաստան- Բելառուս ընկերական հանդիպումը, հատկապես դրանում մեր հավաքականի «համոզիչ» հաղթանակը եվրասիական մտածողության տիպիկ դրսևորում են: Ռուբեն Հայրապետյանին պետք էր հաղթանակի բեմականացում, որպեսզի ֆուտբոլասերներների համար մոտիվացնի իր և հավաքականը ձախողած Արթուր Պետրոսյանի հետագա պաշտոնավարումը:
Ընկերական խաղերը չեն ենթադրում որևէ պատասխանատվություն, փոխարենը դրանցում գրանցված հաղթանակը կարելի է օգտագործել PR-ի նպատակով, խոսել հավաքականի վերականգնման մասին, խոսել նոր հեռանկարների ու շանսերի շուրջ:
Համենայն դեպս, Հայաստան-Բելառուս հանդիպումը Ռուբեն Հայրապետյանի համար մոտիվացվում էր ոչ ֆուտբոլային, ոչ մարզական շարժառիթներով, ինչն աննկատ չմնաց անգամ ֆուտբոլասերներների կողմից: Նրանք սմիսներ արդարացիորեն պահանջում են հայկական ֆուտբոլի ճգնաժամի պատճառների խորքային քննարկում` շոուների փոխարեն: Այսօր ՀՖՖ նախագահին չէր փրկել անգամ Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը:
Սիրված ու տաղանդավոր ֆուտբոլիստի հազարավոր երկրպագուներ բոյկոտել էին հանդիպումը` դատարկ թողնելով Հանրապետական մարզադաշտի տրիբունաները: Իսկ մարզադաշտ եկած մոտ հարյուր երկրպագուներն ոչ թե հիացել են մեր ավագի խաղով, այլ
բողոքի իսկական ցույց են կազմակերպել Ռուբեն Հայրապետյանի դեմ` պահանջելով վերջինիս հրաժարականը` պարզելով պաստառներ:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ Հայրապետյանը ականջալուր կլինի բողոքներին ու կհեռանա, որովհետև այդպիսի մտադրություն ունեցող մարդն այսօրվա կրկեսը չէր բեմականացնի` «հաղթական» տոնով հոխորտալու առիթ ստեղծելու համար:
Ֆուտբոլասերներներն արդեն մարզադաշտ չեն գալիս, որովհետև անհամատեղելի են համարում ֆուտբոլն ու Ռուբեն Հայրապետյանին:
Մարզադաշտ եկած մոտ 100 երկրպագուներին այսօր միավորել էր ոչ թե խաղը, այլ ֆուտբոլը Ռուբեն Հայրապետյանի ու քրեաօլիգարխիայի ճիրաններից ազատելու հրամայականը: Կողմնորոշվելու հերթը ֆուտբոլիստներինն է: Հենրիխ Մխիթարյանի և մյուսների համար պատվաբեր չէ խաղաղ մի հավաքականում, որն ասոցացվում է ոչ թե
երկրի, այլ` մեծամիտ օլիգարխի հետ: Հայկական ֆուտբոլը հայտնվել է խորքային ճգնաժամի ճիրաններում` տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներների զրկելով հաղթանակի բերկրանքից, արժանապատվության զգացումից: Ֆուտբոլը փրկել է պետք ու այո խնդիրն արդեն դուրս է միայն մարզական համատեքստից և պահանջում է մեզանից յուրաքանչյուրի, առաջին հերթին` ֆուտբոլիստների քաղաքացիական կեցվածքը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am