Երեկ հայտնի դարձավ, որ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը տապալած Արթուր Պետրոսյանը շարունակելու է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը:
«Մասնագետի հետ նոր պայմանագրի ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին Արթուր Պետրոսյանը 1 տարվա պայմանագիր էր ստորագրել: Պետրոսյանի գլխավորությամբ մեր ազգային թիմը նոյեմբերի 9-ին և 13-ին ընկերական հանդիպումներ է անցկացնելու համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի ընտրանիների հետ»,- գրում է Armsport.am-ը:
Ի՞նչ է սա նշանակում: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան չի երկարաձգել պայմանագիրը ազգային հավաքականի խորվաթ գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկիի հետ: Պատճառը ազգային հավաքականի անբավարար ելույթն է աշխարհի առաջնության ընտրական փուլում: Նշենք, որ հարևան երկրի հավաքականը պատմության ընթացքում լավագույն արդյունքն էր ցույց տվել՝ ընտրական մրցաշարերում վաստակելով 10 միավոր: Այս ցուցանիշը, սակայն, ֆուտբոլի չինովնիկներին և երկրպագուներին չի բավարարել:
Հայաստանի ազգային հավաքականը, ընտրական փուլում վաստակելով ընդամենը 6 միավոր, կրել էր 4 խայտառակ հաշվով պարտություն: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Արթուր Պետրոսյանի հետ պայմանագիրը երկարաձգել է՝ չմտածելով ֆուտբոլի մասին:
Ի սկզբանե Պետրոսյանին ազգային հավաքականը վստահելը ճիշտ չէր: Այս մասնագետը որպես գլխավոր մարզիչ աշխատել էր միայն «Ցյուրիխի» երկրորդ թիմում: Պետրոսյանը «Ցյուրիխում» չէր փայլում մասնագիտական որակներով, այլապես Շվեյցարիայում նա կաշխատեր թեկուզ երկրորդ լիգայի, բայց հիմնական թիմում: Հետևաբար ազգային թիմի նրա ձախողելը միանգամայն սպասված երևույթ էր: Հավաքականի կորիզը ձևավորելու փոխարեն՝ Պետրոսյանը խաղից խաղ փոխում էր հիմնական կազմի 7-8 ֆուտբոլիստների, ինչը ոչ միայն նորմալ չէր, այլև ծիծաղ էր առաջացնում:
Ու հիմա, երբ երկրպագուները անհամբեր սպասում էին Ռուբեն Հայրապետյանի ու Արթուր Պետրոսյանի չքվելուն հայկական ֆուտբոլից, ՀՖՖ նախագահը երկարաձգում է պայմանագիրը ազգային հավաքականի համար փորձանք դարձած մասնագետի հետ:
Բնական է, որ իրեն հարգող մասնագետը չէր աշխատի Ռուբեն Հայրապետյանի գլխավորած հավաքականում, և Պետրոսյանը թերևս միակն է, որը մի կողմ դնելով պատիվն ու արժանապատվությունը՝ պատրաստ է ծառայել գործող բռնատիրական ռեժիմին:
Այդուհանդերձ, կրիտիկական պահին Հայրապետյանը կարող էր իրավիճակը մեղմելու ժեստ կատարել և հրավիրել արտասահմանցի ճանաչված մասնագետի, ասենք, օրինակ՝ Մարչելո Լիպիին: Ֆուտբոլասերների որոշ հատված այս քայլը կընդուներ՝ մտածելով, որ բարձրակարգ մասնագետը կարող է ցեխից հանել ազգային թիմը: Այս քայլով Հայրապետյանը կմեղմեր նաև լարվածությունը սեփական անձի նկատմամբ: Ոմանք կմտածեին, որ նա քայլ է կատարել հանուն հայկական ֆուտբոլի և պատրաստակամություն է հայտնել գումարներ ծախսել բարձրակարգ մարզիչ պահելու համար: Բայց ոչ, պահելով Պետրոսյանին՝
Հայրապետյանն առաջին հերթին ցույց է տալիս, որ ինքն անձեռնմխելի է, թքած ունի հանրային կարծիքի վրա և անում է այն, ինչ ուզում է, ինչն իրեն է ձեռնտու: Նա քաջ գիտակցում է, որ Պետրոսյանը տապալելու է նաև առաջիկա մրցումները, բայց հանուն «պրինցիպի» աշխատանքից չազատեց նրան:
Այս կերպ Ռուբեն Հայրապետյանը ձեռնոց է նետում ֆուտբոլասերին: Հայրապետյանի այս քայլից հետո տեղի ունեցավ երկրպագու-ֆուտբոլի ֆեդերացիա վերջնական ջրբաժանը: Հայաստանի ազգային հավաքականը վերջնականապես դարձավ մի քանի հոգու ձեռքի խաղալիքը:
Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը վերանշանակումից հետո Պետրոսյանի գլխավորությամբ երկու ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում: Բնական է, որ այս հանդիպումները Հայրապետյանը կազմակերպել է՝ մտածելով, որ իրենց հավաքականը կհաղթի, և Պետրոսյանը կհայտարարի ֆուտբոլի վերածննդի մասին: Հաշվի առնելով ազգային թիմի ներկայիս վիճակը՝ կարծում ենք, նույնիսկ Վրաստանից հրավիրված «ախպեր» մրցավարները և մրցակիցների ոչ այնքան լավ վիճակում գտնվելը չեն կարող օգնել Հայաստանին հաղթանակի հասնել:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am