Նոր լարվածություն տարածաշրջանում. Իրանում հասունանում է հեղափոխություն.

Հակակառավարական հուժկու հուզումների չորրորդ օրն Իրանի իշխանություններն որոշել են երկրի տարածքում սահմանափակել սոցիալական ցանցերի մատչելիությունը: Սոցիալական ցանցերը տոտալիտար, ավտորիտար ռեժիմների հիմնական թիրախն են, որովհետև մեդիառեսուրսների նկատմամբ պետական ուժեղ վերակողության պարագայում դրանք մնում են միակ միջոցը, որի շնորհիվ ազատամիտ քաղաքացիները կարող են հաղորդակցվել, կոնսոլիդացվել, իրազեկել իրենց ակցիների մասին:

Իրանում մասսայական հուզումների բորբոքման առիթ են հանդիսացել համատարած կոռուպցիան և կյանքի որակի անկումը:

Փորձագետները նշում են, որ այս օրերն տեղի են ունենում ամենազանգվածային հուզումները 2009-ից հետո, երբ հազարավոր մարդիկ պահանջում էին արմատական բարեփոխումներ:

Խորեմաբադ, Զենջան, Ահվազ քաղաքներում մարդիկ հնչեցնում են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համեյնիի հրաժարականի, անգամ մահվան կոչեր:

«Ֆրանսպրեսը» հաղորդում է առնվազն 200 ձերբակալվածների, երկու զոհերի մասին: Ուշագրավ է, որ Իրանի էլիտան հանկարծակի է եկել կատարվածից և հանդես է գալիս իրարամերժ գնահատականներով: Իրանի նախագահ Հասան Ռուհանին ժամեր առաջ առաջին անգամ հանդես է եկել երկրում արդեն 4-րդն օրն անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ մեկնաբանությամբ։ Նա Իրանն անվանել է երկիր, որտեղ յուրաքանչյուրը սեփական կարծիքի իրավունքն ունի։ Նախարարների կաբինետի նստում նա դատապարտել

է բռնության դրսևորումներն ու հանրային սեփականությանը հասցված վնասները, սակայն կոչ արել կառավարությանը ստեղծել հնարավորություններ՝ օրինական քննադատության ու ցույցերի համար։ Սրան հակառակ` Իսլամական հեղափոխության պահապանների իրանական կորպուսը ցուցարարներին սպառնացել է «ուժեղ բռունցքի» քաղաքականությամբ` հասկացնելով, որ հուզումներն ոչ թե ինքնաբուխ են, այլ հրահրված են դրսից:

Երբ անցած հինգշաբթի Իրանի հյուսիս-սրևելքում գտնվող Մեշհեդ քաղաքում տեղի ունեցավ առաջին հակակառավարական ցույցը, ոչ ոք չէր սպասում, որ այն այսքան լայն տարածում կստանա երկրում, այդ թվում` մայրաքաղաք Թեհրանում: Հուզումների միջուկը երիտասարդությունն է, որը տնտեսական, հակակոռուպցիոն պահանջներ հնչեցնելուց զատ ու նույնիսկ` առաջին պլանում, պահանջում է կղերական իշխանության տապալում և Իրանի

արտաքին քաղաքականության վերանայում: Հատկապես վերջին հանգամանքն այս հուզումներն որակապես տարբերում է նախորդներից` դրանց հաղորդելով հիրավի հեղափոխական բնույթ: «Ոչ Գազա, ոչ Լիբանան, իմ կյանքն Իրանն է»` նախօրեին Թեհրանի փողոցներում վանկարկել են հազարավոր ցուցարարներ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում ողջունել է Իրանի ժողովրդին` վստահություն հայտնելով, որ դեսպոտ ռեժիմները հավերժ լինել չեն կարող: Ավելի ուշ, Սպիտակ տունը պաշտոնապես զորակցել է Իրանի ժողովրդին:

Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ցախի Խանեգբին հայտարարել է, թե իրանցիները վտանգում են իրենց կյանքը` հանուն ազատության: Սակայն ավելի ուշ վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գործընկերներին հորդորել է` ավելի զուսպ լինել: Փորձառու Նեթանյահուն թերևս վստահ չէ, որ հեղափոխությունն Իրանում կհաղթահանակի և չի ուզում իր երկիրը դարձնել Իրանի առաջնորդների ցասման թիրախ:

Իրանի իշխանությունները հուզումների կազմակերպման, հրահրման մեջ մեղադրում են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ իբն Սալմանին, ով սերտ հարաբերությունների մեջ է Դոնալդ Թրամփի փեսա Ջերարդ Քուշների հետ: Անշուշտ, Էլ-Ռիյադում շահագրգռված են Իրանի ռեժիմի տապալմամբ, մյուս կողմից` որևէ երկրում չեն կարող զանգվածային հուզումների լինել, եթե չկան ներքին շարժառիթներ: Իրանը բացառություն չէ և հենց մեր հարևան երկրի հասարակությունն է փոփոխությունների հիմնական շահառուն, այլ հարց է, որ Իրանի ռեգիոնալ և գլոբալ հակառակորդները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից:
Դժվար թե Իրանում տեղի ունեցող հուզումները հենց այս պահի հանգեցնեն հեղափոխության, սակայն դրանք կարող են էապես հարվածել այդ երկրի իշխանության հիմքերին:

Թուլացած Իրանն իրապես կարող է տարածաշրջանային լարվածության նոր օջախ դառնալ: Նրա վարքագիծը կարող է անկանխատեսելի դառնալ Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություննում, որոնց Թեհրանում ռազմավարական գործընկեր չեն համարում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am