Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարսինը խիստ հիասթափված է Վաշինգտոնի որոշումից, որը արտոնագիր է տվել մի ընկերության` Ուկրաինային խոշոր տրամաչափի դիպուկահար Barrett M107A1 մատակարարելու համար: Կարասինն ասել է, որ սա ճանապարհ է ոչ թե դեպի խաղաղություն, այլ` պատերազմ: Մոսկվան Վաշինգտոնին մեղադրում է Դոմբասում հակամարտությունը բորբոքելու և կոնֆլիկտը ինտերնացիոնալիզացնելու համար:
Ռուսաստանի հիստերիան այս պարագայում առնվազն անհասկանալի է, որովհետև ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության միջնորդ չէ և միանգամայն տրամաբանական է, որ սպառազինում է իր դաշնակից Ուկրաինային` տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում: Եթե Վաշինգտոնի այս քայլը Մոսկվայում
դիտարկվում է հակառուսականության համատեքստում, ապա Պուտինի իշխանությունն, ըստ էության, մատնում է իրեն` ակամայից խոստովանելով, որ Դոնբասի հակամարտության կողմ է և Ուկրաինայի մասնատման շահառու:
Սակայն Մոսկվայի այս արձագանքն ավելի ցինիկ է ղարաբաղյան հակամարտության համատեքստում: ԼՂ խնդրի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը պաշտոնապես միջնորդ է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ, սակայն
սպառազինում է Ադրբեջանին` չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին ու նաև Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություններին: Մոսկվայի այն փաստարկը, թե իբր ուրիշը կսպառազինի Ադրբեջանին, եթե դա չանի Ռուսաստանը` պարզունակ բլեֆ է: Նախ` երրորդ երկրները չեն տրապետում այդպիսի սպառազինության և հետո` նրանց վարքագծի վրա հնարավոր է ազդել թե միջազգային կազմակերպությունների և թե հենց Մոսկվայի միջոցով: Ռուսաստանն է, որ իր անկանխատեսելի վարքագծով հակադրվում է համաշխարհային համատեքսին, մարտահրավեր դառնալով գլոբալ անվտանգության համար:
Եթե առաջնորդվենք Կարասինի տրամաբանությամբ, ապա Ռուսաստանը նպաստում է ղարաբաղյան հակամարտության բորբոքմանը: Թերևս այդպես էլ կա, եթե հիշենք, թե ինչպես էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն Ապրիլյան պատերազմի օրերին Բաքվում հոխորտում, թե Մոսկվան շարունակելու է սպառազինել Բաքվին:
Ուկրաինական համատեքստում Մոսկվայի իրական վայնասունի պատճառն այն է, որ նոր Սառը պատերազմի հետևանքով ամերիկյան ազդեցությունն ընդհուպ մոտեցել է ռուսական կայսրության սահմաններին` մոտեցնելով դրա հոգեվարքը:
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am