Ի՞նչ առևտուր են անում Մոսկվան և Բաքուն Ղարաբաղի շուրջ...

Ռուսաստանի Դաշնության նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, թե Ադրբեջանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) կախված է Հայաստանի որոշումից: Գլազևը նման միտք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ հոկտեմբերի 6-ին Երևանում անցկացված ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ:

«Եթե Կովկասում ուզում ենք խաղաղություն, ապա ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵԱՏՄ-ին»,- ասել է Պուտինի խորհրդականը:

Այսպիսով, Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյան, որն ի միջի այլոց հաճախ է կատարում պաշտոնական Մոսկվայի խոսափողի դերը՝ ուղարկելով որոշակի ազդակներ այս կամ այն հարցի վերաբերյալ, իր այս հայտարարությամբ ոչ միայն հայտնում է Ադրբեջանին ԵԱՏՄ-ում ընդգրկելու Կրեմլի մտադրությունների մասին, այլև փորձում է «զոնդաժ» անել՝ ստուգելով հայկական կողմի տրամադրությունները: Ամենաուշագրավ հանգամանքն այստեղ թերևս այն է, որ Գլազևը Ադրբեջանի անդամակցության հարցը տեղավորում է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցի համատեքստում:

 

ԵԱՏՄ-ն ու «Լավրովի պլանը»

Ադրբեջանին Եվրասիական միության կազմի մեջ ընդգրկելու Մոսկվայի ծրագրերի մասին վաղուց է հայտնի: Ռուսաստանցի պաշտոնյաները վաղուց են նման առաջարկներ անում ադրբեջանական կողմին: Մասնավորապես, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը դեռևս 2014 թ. հունիսին Բաքու կատարած իր այցի ժամանակ հրավիրել էր ադրբեջանական կողմին միանալու Մաքսային միությանն ու ԵԱՏՄ-ին: Բաքուն էլ իր հերթին ճկուն խաղ է խաղում Մոսկվայի հետ հենց այս դաշտում՝ փորձելով առավելագույն օգուտներ ստանալ ռուսական կողմից եվրասիական ինտեգրացիոն գործընթացին իր համաձայնության դիմաց: Ադրբեջանի ղեկավարությունն ամենևին չի թաքցնում այն, որ

պատրաստ է «առևտուր» անել Մոսկվայի հետ միայն ղարաբաղյան հարցի, իսկ ավելի կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքների վերադարձի շուրջ, այսինքն՝ Բաքուն կհամաձայնի միանալ ԵԱՏՄ-ին, եթե Մոսկվան հասնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը Ադրբեջանին ցանկալի սցենարով: Եվ ամենևին պատահական չէ այն, որ դեռ երկու տարի առաջ մամուլը Ադրբեջանի եվրասիականացման հարցը քննարկում էր հենց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու մասնավորապես ռուսական ենթադրյալ ծրագրի՝ «Լավրովի պլանի» իրագործման համատեքստում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գոհունակությամբ հայտարարում էր, թե Լավրովի առաջարկները կարող են նպաստել հիմնախնդրի լուծմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, 2016 թ. հոկտեմբերին, Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում չբացառեց Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ապագայում, թեև մինչ օրս պաշտոնական Բաքուն հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցի մասին: Վերջին անգամ հարցին անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում հարցին, թե ինչ հեռանկարներ կան, որ Ադրբեջանը կմիանա ԵԱՏՄ-ին, Մամեդյարովն ասել է. «Երբեք մի ասա երբեք»:

Ի՞նչ են մտածում Երևանում

Ամբողջ խնդիրն այստեղ Հայաստանի համաձայնության հարցն է: Ֆորմալ իմաստով ԵԱՏՄ-ին որևէ պետության անդամակցման համար անհրաժեշտ է միության բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, բայց գործնականում, հաշվի առնելով Մոսկվայի մեծ ազդեցությունը Հայաստանի ղեկավարության որոշումների կայացման վրա՝ այնքան էլ անհավանական չի թվում այն տարբերակը, որ եթե իսկապես սկսվի Ադրբեջանի եվրասիական ինտեգրման գործընթաց, Մոսկվայից կպարտադրեն հայկական կողմին տալ համաձայնություն: Այս իմաստով խիստ մտահոգիչ է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հնչեցրած այն տեսակետը(«Հետհաշվարկ» հաղորդաշար, սեպտեմբերի 8, 2017 թ.), թե ԵԱՏՄ-ին «Ադրբեջանի անդամակցության

պարագայում կսահմանափակվի նրա կողմից ռազմական գործողություններ վերսկսելու հավանականությունը»: Անշուշտ, սա պաշտոնական տեսակետ չէ, բայց այս մեկնաբանությունն ինչ-որ առումով կարող է արտացոլել թե՛ իշխող կուսակցության ներսում տիրող տրամադրությունները և թե՛ ունեցած հնարավոր տեղեկությունները Ադրբեջանի եվրասիականացման գործընթացի ակտիվացման մասին: Եթե Ադրբեջանի եվրասիական անդամակցման գլխավոր խոչընդոտն ու բանալին իսկապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն է՝ առավել ևս հայկական շահերից չբխող տարբերակի հիման վրա, վստահաբար պետք է ակնկալել, որ Մոսկվան եթե ոչ կարճաժամկետ, ապա գոնե միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում փորձելու է կյանքի կոչել տարածաշրջանում իր ազդեցությունն ավելացնելու համալիր այս ծրագիրը: Ամբողջ հարցն այն է, որ նախ Մոսկվան ու Բաքուն չեն կարող միայնակ վճռել ղարաբաղյան հարցի լուծումը՝ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, առավել ևս առանց Հայաստանի տեսակետը հաշվի առնելու: Երկրորդը, նույնիսկ ունենալով մեծ ազդեցություն Հայաստանի ղեկավարության նկատմամբ՝ Ռուսաստանը կկարողանա՞ պարտադրել հայկական կողմին «Ղարաբաղի գնով»՝ ղարաբաղյան հարցում զիջումներ ենթադրող սցենարով համաձայնություն տալ Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Ալիևը չի ուզում կիսել իր իշխանությունը Մոսկվայի հետ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը մեծ ցանկություն ունի Ադրբեջանին ընդգրկելու եվրասիական ինտեգրացիոն ծրագրի մեջ: Իհարկե, պատճառն ավելի շուտ Ադրբեջանում և տարածաշրջանում ռուսական ազդեցության ամրապնդման և ոչ թե Կովկասում խաղաղության հաստատման ձգտումն է: Երկրորդը, ակնհայտ է, որ այս հարցը սերտորեն առնչվում է ղարաբաղյան խնդրի հետ, և Ռուսաստանի ցանկությունն այնքան մեծ է, որ ռուսները կարող են ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ՝ զիջումների գնալու ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում: Բայց քաղաքագետը չի կարծում, թե ալիևյան ռեժիմը կհամաձայնի Մոսկվայի առաջարկին: Պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը երկրում հաստատել է միապետական համակարգ և դժվար թե ցանկանա կիսել իր իշխանությունը Մոսկվայի հետ, իսկ անդամակցումը ինտեգրացիոն որևէ կառույցի ինքնին ենթադրում է պետության ինքնիշխանության մասնակի զիջում վերպետական մարմին: Թեև Ադրբեջանի ու ԵԱՏՄ-ի պարագայում ավելի ճիշտ կլինի ասել, որ անդամակցումը փաստացի կնշանակի իշխող ռեժիմի ինքնիշխանության մասնակի զիջում այս միության դոմինանտ պետությանը՝ Ռուսաստանին:

«Ռուսաստանն ուզում է, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում և մասնավորապես մեր տարածաշրջանում: Դժվարանում եմ ասել՝ որքանով է հավանական, որ Մոսկվան կհամոզի Բաքվին: Ամեն դեպքում մենք ականատես էինք այն փաստի, որ Ռուսաստանը փորձում էր համոզել Հայաստանին ինչ-որ տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, և հայտնի «Լավրովի պլանը» պատահականություն չէ: Ռուսաստանն ուզում էր համոզել Ադրբեջանին հենց դրանով, որ Հայաստանից կկորզի ինչ-որ զիջումներ Ղարաբաղի հարցում: Դա մեծ գաղտնիք չէ: Ուրեմն Գլազևի հայտարարությունը տեղավորվում է այս համատեքստում»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը:

Հայկական բանակն ու հանրությունը թույլ չի տա

Փորձագետը կասկածում է, որ Հայաստանը կկարողանա օգտագործել վետոյի իր իրավունքը, եթե Մոսկվան բարձրացնի Ադրբեջանի անդամակցության հարցը, բայց նախ ակնհայտ չէ Ադրբեջանի ցանկությունը միանալու այս կառույցին: Թեև մյուս կողմից՝ նույնիսկ եթե պատկերացնենք, թե Ադրբեջանը համաձայնում է սկսել եվրասիական ինտեգրման գործընթաց՝ հայկական կողմի զիջումների դիմաց, այդ դեպքում էլ Հայաստանի իշխանությունները չեն համարձակվի միակողմանի զիջումներ անել Ղարաբաղի հարցում:

«Նախորդ տարվա ապրիլին հասարակությունը ցույց տվեց, որ շատ ուշադիր է հետևում գործընթացին և թույլ չի տա, որ ո՛չ Ադրբեջանի կողմից ոտնձգություն լինի, ո՛չ էլ ժողովրդի ու բանակի թիկունքում ինչ-որ պայմանավորվածություններ լինեն: Ժողովուրդն ու բանակը ցույց տվեցին, որ ունակ են պաշտպանել Լեռնային Ղարաբաղը: Այդ պատճառով կասկածում եմ, որ իշխանություններն ինչ-որ գաղտնի քայլերի կգնան: Ես դրան չեմ հավատում: Բայց գլխավորն իմ կարծիքով այն է, որ Ադրբեջանն այնուամենայնիվ չի համաձայնի մտնել ԵԱՏՄ, քանի որ դա լուրջ հետևանքներ կունենա իրենց տնտեսության համար, և ամենակարևորը՝ Ալիևը սովորեց միանձնյա ղեկավարել իր երկիրը, ինքը կյանքում չի կիսի իր իշխանությունը, քանի որ ԵԱՏՄ-ն նախատեսում է սուվերենության մի մասի հանձնում»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Ի՞նչ առևտուր են անում Մոսկվան և Բաքուն Ղարաբաղի շուրջ...Ի՞նչ առևտուր են անում Մոսկվան և Բաքուն Ղարաբաղի շուրջ...


Նյութի աղբյուր՝ www.1in.am