Նոր Բացառիկ շանս Հայաստանի համար.Պուտինը «հանձնվեց»...

Ռուսաստանը կաջակցի Կոսովոյի վերաբերյալ  Բելգրադի եւ Պրիշտինայի ցանկացած համատեղ որոշմանը, այս մասին սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցություններից հետո ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ Կոսովոյում իրավիճակը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով, կողմերի երկխոսության հիման վրա՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւերին համապատասխան:

Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոն եւ բավական ագրեսիվ հռետորաբանություն ուներ այդ հարցի կապակցությամբ, աջակցելով Սերբիայի դիրքորոշմանը: Ներկայիս հայտարարությունը վկայում է, որ Մոսկվան «հետ է քաշվում» այդ հարցում, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Սերբիան կարող է մեղմացնել իր դիրքորոշումը:

Ռուսաստանի հռետորաբանությունը փոխվել է ոչ միայն այդ հարցում: Կրեմլը բավական զուսպ արտահայտվեց Երուսաղեմը ճանաչելու վերաբերյալ Թրամփի որոշման կապակցությամբ: Ավելին, Ռուսաստանը առաջարկեց իր միջնորդությունը խնդիրը կարգավորելու համար: Փոխվել է հռետորաբանությունը նաեւ Հյուսիսային Կորեայի պարագայում:

Կարելի է ասել, որ աստիճանաբար բացահայտվում են Թրամփ-Պուտին գլոբալ պայմանավորվածությունների մանրամասները: Դա արտահայտվեց Սիրիայի հարցում համատեղ հայտարարությամբ, որից հետո հայտարարվեց Իսլամական պետության պարտության ու հետպատերազմյա կարգավորման մասին:

Հայաստանի մասով դա արտահայտվեց երկու ուղղությամբ՝ Ղարաբաղի խնդրում ստատուս-քվոն պահպանելու համաձայնությամբ եւ ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմամբ:

Պուտինը շնորհակալություն հայտնեց Թրամփին Ռուսաստանում ահաբեկությունը կանխելու հարցում աջակցության համար:

Ակնհայտ է, որ Թրամփ-Պուտին համաձայնությունը գլոբալ քաղաքականության մեջ հանգելու է «իրողությունները ճանաչելու» սկզբունքին, ինչի մասին հայտարարել էր Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ: Դա նոր աշխարհակարգի կերտման սկզբունքն է լինելու, քանի որ իրողությունները ներկայում հակասության մեջ են մտնում ընդունված նորմերի հետ եւ առաջացնում ճգնաժամային իրավիճակներ:

Ով ով, քան Պուտինն ու Թրամփը կարող են իրականացնել այս քաղաքականությունը: Ռուսաստանի համար դա փրկության պես մի բան է միջազգային քաղաքականության առումով, քանի որ Մոսկվան այդպիսով ստանձնում է կարեւոր դերակատարություն: Նույն Սիրիայի հարցում նկատելի է, որ երկու խոշոր պետություններ՝ Թուրքիան ու Իրանը, սկսեցին փնտրել Ռուսաստանի հովանավորությունը:

Այսպիսով, առաջանում են որոշակի «ճամբարներ», որոնցից մեկը հին աշխարհն է իր «միջազգային նորմերով» ու քարացած սկզբունքներով, իսկ մյուսը՝ «իրողությունների ճամբարը»: Հին աշխարհն այլեւս չի լինելու, եւ դրա նոր փուլի մեկնարկը տրվեց Երուսաղեմի ճանաչմամբ: 

Ավելորդ է ասել, որ Հայաստանի «բնական շահերը» նոր աշխարհում են, եւ դա եւս մեկ ապացույց է, որ մեր երկիրը քաղաքակրթության առաջնագծում է, չնայած իշխանության ու հասարակության խրոնիկ անհամարժեքությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am