Բենզինը կրկին թանկացել է. որն է պատճառը

Հայաստանում բենզինի գները բարձրացել են․ վարորդներն արդեն կատակում են՝ բենզինի գինը հավասարվել, անգամ գերազանցել է դոլարի փոխարժեքին։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայաստանյան որոշ բենզալցակայաններում երեկվանից բենզինի գինն ավելացել է 10 դրամով: Օրինակ, ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 490 դրամով, իսկ պրեմիումի գինը գերազանցում է 500 դրամը, այսօր այն արդեն վաճառվում է 510 դրամով: Հայաստանում բենզինի գինը տեւական ժամանակ է, ինչ չի նվազում:

Ավելին, վարորդները հույս ունեին, որ բենզինի գինը կնվազի, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քիչ թե շատ երկրում կկայունանա ներքաղաքական վիճակը։ Սակայն ընտրություններն եղան, անցան, բայց բենզինի գինը չիջավ: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունները նախորդ ամիսներին արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Սակայն դոլարի փոխարժեքն իջավ, բենզինն այդպես էլ չէժանացավ: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազել է, բայց բենզինի բարձր արժեքը պահպանվում է: Օրինակ՝ այսօրվա դրությամբ ՀՀ առևտրային բանկերում դոլարի առքի առավելագույն գինը 485 դրամ է, վաճառքինը՝ 495 դրամ: Մյուս կողմից, մասնագետների համոզմամբ, բենզինի գնի բարձրացման պատճառը ներքաղաքական անկայուն վիճակը չէ, այլ՝ նավթի գնաճը։ Նավթի գներն աճել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում։

Բացի այս, ArmLur.am-ի ձեռքի տակ հայտնված ցանկից տեղեկացանք, որ, հուլիսի 26-ի տվյալներով, աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.19 դոլար կամ 589 դրամ:
Բայց չնայած սրան՝ Ռուսաստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը հուլիսի 26-ի դրությամբ կազմել է շուրջ 330 դրամ, իսկ Վրաստանում այն գերազանցում է 490 դրամը։ Ի դեպ, բենզինի գնի բարձրացման մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը, ըստ որի` այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 6.2 եւ 4.5 տոկոսով։
Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաև Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ:
Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է մոտ 398 դրամ, Ռուսաստանում՝ 330 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 337 դրամ: Նշենք, որ հայկական և վրացական շուկաներում բենզինը վաճառվում է հավասար գներով:

Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում այն վաճառվում է միջինը 29 դրամով, որտեղից, ի դեպ, Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ բենզին ներկրել: Բայց ինչպես տեսնում եք, մեզ մոտ իրանական բենզինի գինը միջինը 480-490 դրամ է:

Ս.Հ.

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.